ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28. «ՓԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՆԱՊԱՏՈՒՄ»

Ամեն ժամանակ օրհնության զոհ մատուցենք

Երբ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ ծառայում էի բրիտանական բանակում, ինձ կայանեցին Հյուսիսային Աֆրիկայի անապատներում։ Անապատում կյանքի պայմանների մի բացասական հատկանիշ կա. այնտեղ լինողները հակված են բողոք ու տրտունջ հրահրելու։ Այս բանն Իսրայելի հետ շատ անգամ է պատահել, և այդ փաստը հաճախ Աստծո դատաստանն ու զայրույթն է բերել նրանց վրա։ Ես այնքան էի թուլացել այդ անապատից, ուտելիքից և հայհոյող բրիտանացի զինվորներից, որ ես սկսեցի տրտնջալ։ Երբ սկսեցի տրտնջալ, ես կորցրեցի Աստծո ներկայության ու օրհնության զգացողությունը։

Ես որոշեցի ծոմապահության հատուկ օր նշանակել և Աստծո առջև գնալ՝ հարցնելու, թե ինչու էր ինձ թվում, որ Իր ներկայությունը հեռացել էր ինձանից։ «Աստվա՛ծ, ինչո՞ւ մոտ չես ինձ։ Ինչո՞ւ ես պետք է շարունակեմ միապաղաղ և նվաղեցուցիչ այս կյանքն անապատում»։ Մինչ երեկո Աստված ինձ պատասխան տվեց։ Նա ինձ հետ հստակ կերպով խոսեց՝ ասելով, «Ինչո՞ւ ինձ շնորհակալություն չես հայտնել։ Ինչո՞ւ չես փառաբանել ինձ»։ Երբ խորհեցի Նրա ասածի շուրջ, հասկացա, որ կորցրել եմ Նրա ներկայության զգացողությունը, որովհետև անշնորհակալ եմ դարձել։

Հարմար պահին Սուրբ Հոգին Ատվածաշնչի տարբեր հատվածներ ինձ ցույց տվեց այս իրավիճակի վերաբերյալ՝ ներառյալ նաև 1-ին Թեսաղոնիկեցիներին 5:1-19-ը. «Միշտ ուրա՛խ եղեք։ Անդադար աղո՛թք արեք։ Ամեն բանով գոհացե՛ք, որովհետև սա է ձեր հանդեպ Աստծու կամքը Քրիստոս Հիսուսով։ Հոգին մի՛ հանգցրեք»։ Կրկին պետք է ասեմ. իմաստն այն է, որ եթե միշտ ուրախ չենք, անդադար աղոթք չենք անում և ամեն բանով չենք գոհանում, ապա մենք հանգցնում ենք Սուրբ Հոգին։ Գոհանալու և փառաբանելու փոխարեն տրտնջալով և բողոքելով՝ ես իմ կյանքում հանգցրել էի Սուրբ Հոգուն։

Աստված մեզանից ակնկալում է, որ ամեն ժամանակ օրհնության զոհ մատուցենք մեր շուրթերից, այլ ոչ թե միայն մեր ներսում՝ սրտի մեջ։ Մենք պետք է մեր փառաբանությունը բարձրաձայնենք՝ գոհություն հայտնելով Տիրոջ անվանը։

Շնորհակալությու՜ն, Տե՛ր, ես Քեզ փառք եմ տալիս։ Ես հռչակում եմ, որ ես ոչ թե հանգցնում եմ Հոգին, այլ ամեն ժամանակ ուրախանում եմ, անդադար աղոթք եմ անում և ամեն բանով գոհանում։ Ես ամեն ժամանակ օրհնության զոհ կմատուցեմ Աստծուն։ Ամեն։