ՄԱՐՏԻ 21
«ԲԱՐԴ ՄԻՈՒԹՅՈՒՆ»
Իմ մարմինը Տիրոջ համար է, և Տերը իմ մարմնի համար։

Հայացք գցելով Հոբի գրքին՝ մենք մի շարք զարմանալի հայտնություններ ենք տեսնում մարմնի վերաբերյալ։ Շատ դեպքերում Հոբի և Ծննդոց գրքերի միջև մի ներքին կապ կա։ Հոբ 10:8-12-ը ընդհանրացնում է մեր մարմինների մեջ եղած Աստծո ստեղծագործական աշխատանքը. «Քո ձեռքն է արարել ու ինձ ձև տվել»։

Ծննդոց 2:7-ում, որտեղ ձև տալ արտահայտությունը ցույց է տալիս այն հմուտ աշխատանքը, որը մեծ հոգատարության հետևանքն է, նմանապես էլ Հոբի գրքում այն ընդգծում է այն անսահման վարպետությունը և հոգատարությունը, որն Աստված դրսևորեց մարդկային մարմինը ձևավորելու համար.

«Քո ձեռքն է արարել ու ինձ ձև տվել, բայց հետո դարձել ես, զարկել ինձ։ Հիշի՛ր, որ կավից ես ստեղծել, վերստին դու հող ես ինձ դարձնում։ Մի՞թե կաթի պես չես կթել ինձ, պանրի պես մակարդել։ Մորթ ու միս հագցրել, ոսկրերով, ջիլերով ես օժտել»։

Հոբ 10:8-11

Ինչպիսի՜ վառ նկարագրություն։ Մարդու մարմնի մասերի ներքին կապի ինչպիսի՜ գեղեցիկ նկարագրություն։ Շարունակում ենք կարդալ 12-րդ համարը. «Կյանք ու կարեկցանք ես դրել ինձ վրա. հոգատարությամբ ես պահել իմ հոգին»։

Ավելի ուշ, Հոբի մոտ մենք տեսնում ենք մարդկային բնության այլ կողմը՝ հոգևոր մասը. «Սակայն այդպես էլ չէ. մարդիկ հոգի ունեն։ Ամենակարողի շունչն է, որ ուսուցանում է դրանք» (Հոբ 32:8)։

Հոբի այս խոսքերը կատարելապես ներդաշնակ են Ծննդոցի խոսքերին։ Վերից իջած Աստծո շնչի միությունն է վարից վերցված կավի հետ, որը ստեղծում է ամբողջական մարդկային անհատականություն։

Շնորհակալությու՛ն, Տե՛ր, իմ մարմնի հանդեպ տածած հոգատարության համար։ Ես Աստծո հրաշագործ և զարմանահրաշ ստեղծագործությունն եմ և ես հռչակում եմ, որ իմ մարմինը Տիրոջ համար է, և Տերը՝ իմ մարմնի համար։ Ամեն։