ՄԱՐՏԻ 14. «ՀԻՍՈՒՍԻ ԱՐՅՈՒՆԸ»

Ես հաղթում եմ սատանային Գառան արյունով և իմ վկայության խոսքով և իմ անձը չեմ սիրում մինչև մահ։

Հովհաննեսի ավետարանի 6-րդ գլխում Հիսուսն ասում է հավատացյալի մասին. «Ես վերջին օրը հարություն կտամ նրան» (տե՛ս հետևյալ համարները՝ 39, 40 և 54)։ Հարությունը փրկության մասն է։

«Իմ մարմինն ուտողը և իմ արյունը խմողը հավիտենական կյանք ունի, և ես վերջին օրը նրան հարություն կտամ։ Որովհետև իմ մարմինը ճշմարիտ կերակուր է, և իմ արյունը ճշմարիտ ըմպելիք է»։

Հովհաննես 6:54-56

Ուտել, խմել և մնալ բառերը ներկա շարունակական ժամանակով են դրված. «Նա, ով շարունակաբար կսնվի իմ մարմնից և շարունակաբար կխմի իմ արյունը, շարունակաբար կմնա իմ մեջ և ես նրա մեջ»։

Շատ հստակ է, որ Տերը խոսում է հսկայական կարևորություն ունեցող մի թեմայի՝ իր մարմինը ճաշակելու և արյունը խմելու, մասին։ Ես հավատում եմ, որ նա խոսում է Տիրոջ ընթրիքի և հաղորդության մասին։

Մի անգամ ես ապրում էի մի արաբական քաղաքում արաբ քրիստոնյաների հետ։ Երբ նրանք վերցնում էին Տիրոջ ընթրիքը, ասում էին. «Եկե՛ք խմենք Հիսուսի արյունը»։ Ես հավատում եմ, որ այդ արաբ քրիստոնյաները ճիշտ պատկերացում ունեին։ Հիսուսի արյունը խմելը հաղորդությունն է։

Ինչ-որ մի բան մեր մեջ ասում է. «Իմ դուրը չի գալիս արյունը խմելու գաղափարը»։ Ես հիշում եմ, որ ինձանից տարիներ պահանջվեց մինչև դա հասկացա։ Սակայն հավիտենական կյանք ունենալու համար մենք պետք է խմենք Հիսուսի արյունը և սնվենք նրա մարմնից։

Շնորհակալությու՛ն, Տե՛ր, Գառան արյան համար։ Ես բաժնեկցվում եմ նրա հավիտենական կյանքին՝ խմելով նրա արյունը և սնվելով նրա մարմնից և ես հռչակում եմ, որ հաղթում եմ սատանային Գառան արյունով և իմ վկայության խոսքով և իմ անձը չեմ սիրում մինչև մահ։ Ամեն։