ՄԱՐՏԻ 10. «Ու՞Մ ԵՆՔ ԾԱՌԱՅԵԼՈՒ»
Իմ մարմնի անդամներն արդարության գործիքներ են՝ հնազանդված Աստծուն՝ Նրան ծառայելու և փառավորելու համար։
«Դուք չգիտե՞ք, որ ում ձեր անձերը ծառա եք ներկայացնում՝ նրան հնազանդվելու, ծառաներ եք նրան, որին հնազանդվում եք. թե՛ մեղքին, որ դեպի մահ է առաջնորդում, և թե՛ հնազանդությանը՝ դեպի արդարություն»։
Հռոմեացիներին 6:16
Պողոսն ասում է, որ երբ մենք հնազանդեցնում ենք մեզ որևէ մեկին, դառնում ենք նրա ծառան, ում հնազանդվում ենք։ Եթե մենք հնազանդեցնենք մեզ պղծությանը, դառնում ենք պղծության ծառաներ։ Մենք չենք կարող հնազանդվել մեղքին, առանց դրա ծառան դառնալու։ Այդ պատճառով մենք պետք է որոշենք, թե ում և ինչին ենք ցանկանում հնազանդվել։ Մեզանից ոմանք չեն սիրում ընտրություններ կատարել, սակայն հոգևոր կյանքում մենք չենք կարող խուսափել դրանցից։
Իր կյանքի ավարտին Հեսուն իսրայելացիներին ընտրություն կատարելու մարտահրավեր նետեց, և այս ըտրությունը երբեք չի փոխվել։ Հարցն այն չէ՝ կծառայե՞նք, թե՞ ոչ. հարցն այն է, թե մենք ում կծառայենք։ Մենք պետք է ծառայենք։ Մինչև մեր փրկագնումը մենք ընտրություն չունեինք։ Մենք մեղք գործելուց չէինք կարողանում դադարել։ Այլ ընտրություն չկար, միայն լինել մեղքի գերիները և սատանայի ծառաները։ Այն բանից հետո, երբ մենք փրկագնվեցինք Հիսուս Քրիստոսի հանդեպ ունեցած հավատքով, ձեռք բերեցինք այլ ընտրություն. մենք կարող ենք ընտրել Աստծուն ծառայելը և արդարության «ծառաներ» լինելը։
Շնորհակալությու՛ն, Հիսու՛ս, խաչի վրա եղած քո հաղթանակի համար։ Ես ընտրում եմ ծառայել Տիրոջը՝ հռչակելով, որ իմ մարմնի անդամներն արդարության գործիքներ են՝ հնազանդված Աստծուն՝ Նրան ծառայելու և փառավորելու համար։ Ամեն։