ՓԵՏՐՎԱՐԻ 24. «ԱՆՈՂՈՐՄ ԽԱՉԸ»

Սատանան ոչ մի տեղ չունի իմ մեջ, նա ոչ մի իշխանություն չունի ինձ վրա, նա ոչ մի հիմնավորված պահանջ չունի իմ հանդեպ։ Ամեն բան ապահովված է Հիսուսի արյամբ։

Որոշ մարդիկ տառապում են վախից, դեպրեսիայից, մենակությունից, նախանձից կամ բարկությունից։ Խորհրդատուն որոշ չափով միայն կարող է մեզ օգնել, սակայն, վերջիվերջո, լուծումը մեր ձեռքերում է, և այն խաչն է։ Մենք պետք է ճանաչենք մեր մեջ եղած այս բացասական ապրումները՝ իմանալով, թե երբ և որտեղ են դրանք առաջանում։ Ազատագրության ծառայության մեջ հայտնի է, որ հիմնականում երկու խոչընդոտող դևեր կան, որոնք դռնապաններն են։ Նրանք լայն բաց են անում դուռը՝ ներս հրավիրելով մյուս դևերին։ Այս դռնապաններն են Ինքնախղճահարությունը և Զայրույթը։ Ինքնախղճահարությունը սատանայի հզոր գործիքներից է:

Որոշ իմաստով մենք պետք է անողորմ լինենք։ Խաչն ամբողջովին անողորմ է, դրանում ոչ մի հարմարավետ, գրավիչ կամ քաղցր բան չկա։ Սակայն մենք գոհանում ենք Աստծուց դրա համար, որովհետև դա է դուրս գալու ճանապարհը․ այն Աստծո նախատեսած միջոցն է մեզ համար։

Մեզանից շատերը պաշարող մեղք ունեն, մի մեղք, որին մենք այնքան ենք սովորել, որ մենք մտածում ենք, որ դա մեր էության մի մասն է։ Մենք դժվարանում ենք ատել այն, որովհետև դա գրեթե կնմանվի մեզ ատելուն։ Հետաքրքրական է, որ ինձ պաշարող մեղքը իմ հոր խնդիրն էր։ Երեխաները շատ բան են ժառանգում իրենց ծնողներից, և վարվեցողության որոշ օրինակներ են մեր առաջ դրվում։ Ես իմ մեջ այնպիսի վարք եմ տեսնում, ինչը ուղղակի իմ հոր վարքի կրկնօրինակումն է։

Մենք կարիք ունենք խնդրել Սուրբ Հոգուն՝ ճանաչել տալու մեզ մեր խնդիրների էությունը։ Դրանք իրենց իսկական անուններով անվանեք (թեպետ գեղեցիկ էլ չհնչեն), գուցե դա շնություն է, ստություն կամ հպարտություն։ Այնուհետև մենք պետք է ասենք. «Հիսուսի մեջ դա խաչվել է։ Ես դա դնում եմ խաչի վրա։ Ես թույլ չեմ տա, որ այն իշխի ինձ վրա։ Ես խաչի միջոցով ազատ եմ դրանից»։

Շնորհակալությու՛ն, Տե՛ր, Հիսուսի արյան համար։ Ես հռչակում եմ, որ Հիսուսի մեջ իմ կյանքում եղած պաշարող մեղքը (տու՛ր դրա անունը) խաչվել է։ Ես այն դնում եմ խաչի վրա։ Ես այլևս թույլ չեմ տա, որ այն իշխի ինձ վրա։ Սատանան ոչ մի տեղ չունի իմ մեջ, նա ոչ մի իշխանություն չունի ինձ վրա, նա ոչ մի հիմնավորված պահանջ չունի իմ հանդեպ։ Ամեն բան ապահովված է Հիսուսի արյամբ։ Ամեն։