ՓԵՏՐՎԱՐԻ 22. «ԳԻՏԱԿՑԵԼ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԴԱՇՏԸ»

Սատանան ոչ մի տեղ չունի իմ մեջ, նա ոչ մի իշխանություն չունի ինձ վրա, նա ոչ մի հիմնավորված պահանջ չունի իմ հանդեպ։ Ամեն բան ապահովված է Հիսուսի արյամբ։

«Քանի որ թեև մարմնավորապես ենք վարվում, բայց մարմնավորապես չենք զինվորություն անում։ Որովհետև մեր զինվորության զենքերը մարմնավոր չեն, այլ զորավոր են Աստծով՝ բերդեր քանդելու, մենք դրանցով խորհուրդներ ենք քանդում։ Եվ ամեն բարձրություն, որ Աստծո գիտության դեմ գոռոզանում է, գերի ենք բռնում՝ ամեն միտք Քրիստոսին հնազանդեցնելու համար»։

2-րդ Կորնթացիներին 10:3-5

Մեր պատերազմը սատանայի դեմ տեղի է ունենում հոգևոր իրականության մեջ, հետևաբար զենքերը ևս հոգևոր են և համապատասխան պատերազմի իրականությանը։

Հսկայական կարևորություն ունի այն, որ մենք հասկանանք, թե որտեղ է տեղի ունենում պատերազմը։ 2-րդ Կորնթացիներին թղթի մեջ Պողոսը մի քանի բառ է օգտագործում՝ նկարագրելու մեր պատերազմը և նպատակները։ Տարբեր թարգմանություններում մենք հետևյալ բառերն ենք գտնում. երևակայություն, փաստարկներ, մտորումներ, ապացույցներ, գիտություն և մտքեր։ Նկատեք, որ այս բոլոր բառերը վերաբերում են մեր մտքին։ Մենք ամբողջովին պետք է հասկանանք, որ պատերազմի դաշտը մեր մտքներն են։ Սատանան պատերազմ է սկսել՝ մարդկային ցեղի միտքը գերի վերցնելու համար։ Նա մեր մտքերի մեջ բերդեր և ամրոցներ է կառուցում, և մեր պատասխանատվությունն է, որպես Աստծո ներկայացուցիչներ, օգտագործել մեր հոգևոր սպառազինությունը՝ խորտակելու այս բերդերը, տղամարդկանց և կանանց մտքերը ազատ արձակելով, որից հետո դրանք գերել՝ հնազանդեցնելով Քրիստոսին։ Ինչպպիսի՜ ցնցող կարևորություն ունի սա։

Սատանան դիտավորյալ և մշտապես մարդկային մտքերում բերդեր է շինում։ Այս ամրոցները հակառակվում են Ավետարանին և Աստծո Խոսքին և մեզ հեռու են պահում Ավետարանի պատգամն ընդունելուց։

Շնորհակալությու՛ն, Տե՛ր, Հիսուսի արյան համար։ Ես հռչակում եմ, որ նրա արյամբ ես խորտակում եմ այն բերդերը, որ սատանան կառուցել է իմ մտքում։ Ես հռչակում եմ, որ սատանան ոչ մի տեղ չունի իմ մեջ, նա ոչ մի իշխանություն չունի ինձ վրա, նա ոչ մի հիմնավորված պահանջ չունի իմ հանդեպ։ Ամեն բան ապահովված է Հիսուսի արյամբ։ Ամեն։