ՓԵՏՐՎԱՐԻ 20. «ԱՍԱ՛ ԱՅՆ ՆՈՐԻՑ»

Սատանան ոչ մի տեղ չունի իմ մեջ, նա ոչ մի իշխանություն չունի ինձ վրա, նա ոչ մի հիմնավորված պահանջ չունի իմ հանդեպ։ Ամեն բան ապահովված է Հիսուսի արյամբ։

Ես լավ հիշում եմ, թե առաջին անգամ երբ եմ նման վկայություն արել։ Ես մտածում էի, թե սատանան հաջորդն ինչ քայլ է կատարելու իմ հանդեպ։ Ես մարդկանց եմ ճանաչում, որոնք չեն վկայում այն պատճառով, որովհետև վախենում են հետևանքներից, սակայն այն պարզապես սատանայի խաղը խաղալն է։ Հիշե՛ք, նրա գործն այն է, որ ձեզ արգելի անելու այն բանը, որի հետևանքով նա չի կարող վնասել ձեզ։ Միայն ձեր վկայության խոսքով է, որ դուք կարող եք քաղել արյան օգուտները։

Առաջին անգամ, երբ ասեք այն, գուցե ողջ դժոխքը խռովվի։ Փա՜ռք Աստծո, շարունակեք կրկնել այն։ Աստվածաշունչն ասում է. «Դավանությունը պինդ բռնենք» (Եբրայեցիներին 4:14)։ Այն ժամանակ, երբ ամեն բանից ազատ կարձակվեք, Աստվածաշունչն ասում է. «Պինդ, անսայթաք բռնենք հույսի դավանությունը, որովհետև խոստացողը հավատարիմ է» (Եբրայեցիների 10:23)։ Շարունակեք կրկնել այն։ Այն կախված չէ ձեր զգացողություններից։ Այն կախված չէ ձեր իրավիճակից, ազդակներից կամ էլ հանգամանքներից։ Այն, որպես Աստծո Խոսք, հավիտենական ճշմարտություն է։

Աստծո Խոսքը հավիտյան հաստատված է երկնքում (Սաղմոս 119:89)։ Սատանան ոչ մի տեղ չունի մեր մեջ, նա ոչ մի իշխանություն չունի մեզ վրա, նա ոչ մի հիմնավորված պահանջ չունի մեր հանդեպ։

Շնորհակալությու՛ն, Տե՛ր, Հիսուսի արյան համար։ Ես հռչակում եմ, որ սատանան ոչ մի տեղ չունի իմ մեջ, նա ոչ մի իշխանություն չունի ինձ վրա, նա ոչ մի հիմնավորված պահանջ չունի իմ հանդեպ։ Ամեն բան ապահովված է Հիսուսի արյամբ։ Եվ ես մտադրված եմ հռչակել սա նորից և նորից։ Ամեն։