ՓԵՏՐՎԱՐԻ 15. «ԱՍՏԾՈ ՁԱՅՆԸ ԼՍԵԼԸ»

Իմ մարմինը Սուրբ Հոգու տաճար է՝ փրկագնված, մաքրված Հիսուսի արյամբ։

Մեր ճակատագիրը, անկախ այն բանից՝ այն կլինի լավը, թե վատը, կախված է այն բանից, թե ո՞ր ձայնին ուշադրություն կդարձնենք։ Լսելով Տիրոջ ձայնը և հնազանդվելով Նրա ասածներին՝ մենք օրհնություններ կունենանք։  Տիրոջ ձայնն անտեսելը բազում անեծքներ կբերի մեր կյանքում։ Հնարավոր չէ հնազանդվել Աստծուն  առանց Նրա ձայնը սկզբում չլսելու, որովհետև Նրա ձայնը հայտնում է մեզ, թե Նա ինչ է մեզանից պահանջում։

Բազում քրիստոնյա հավատացյալներ անտարբեր են Աստծո ձայնի հանդեպ։ Մենք կարող ենք շարունակել մեր կրոնական գործունեությունը և պարտականությունները, սակայն դրանք կարող են սովորույթ ու ձևական դառնալ, քանի որ մեր կյանքում պակաս է մշտապես Աստծո ձայնը լսելու պրակտիկան։

Երեմիայի մարգարեության 7-րդ գլխում Աստված բացատրում է, թե իրականում ինչ է պահանջել Իսրայելից, երբ Նա փրկեց նրանց Եգիպտոսից։ Առաջին բանը, որը Նա կամենում էր, ոչ թե զոհաբերությունների օրենքը պահելն էր, այլ՝ Իր ձայնը լսելը։ Նրա ձայնն էր, որ պետք է առաջնորդեր նրանց Օրենքը պահելու մեջ և անհրաժեշտ զոհաբերությունները ներկայացնելու համար։ Միայն օրենքի արտաքին տեսքին նայելը ոչ մի օգուտ չէր բերի, եթե նրանք չլսեին Աստծո ձայնը։ Աստծո գլխավոր պահանջն այն է, որ մենք լսենք Նրա ձայնը․

«Ձեր հայրերի հետ ոչինչ չխոսեցի և ոչ էլ պատվեր տվեցի նրանց ողջակեզների և զոհերի մասին այն օրը, երբ նրանց հանեցի եգիպտացիների երկրից։ Բայց այս բանը պատվիրեցի նրանց՝ ասելով. «Ակա՛նջ դրեք Իմ ձայնին և Ես ձեզ համար Աստված կլինեմ, իսկ դուք Ինձ համար կլինեք ժողովուրդ և կգնաք Իմ այն բոլոր ճանապարհներով, որ ձեզ պատվիրեցի, որպեսզի լավ լինի ձեզ համար»։

Երեմիա 7:22-23

Պահանջը շատ հստակ է. «Ակա՛նջ դրեք Իմ ձայնին և Ես ձեզ համար Աստված կլինեմ»։ Այս նախադասությունը հստակորեն ամփոփում է ողջ միտքը։

Շնորհակալությու՛ն, Տե՛ր, Հիսուսի արյան և Քո Սուրբ Հոգու աշխատանքի համար։ Ես հռչակում եմ, որ լսում եմ Աստծո ձայնը և հնազանդվում Նրա ասածին։ Ես հռչակում եմ ինձ համար ունեցած Նրա ճշմարտությունը. «Լսի՛ր իմ ձայնը և Ես կլինեմ քո Աստվածը»։ Իմ մարմինը Սուրբ Հոգու տաճար է՝ փրկագնված, մաքրված Հիսուսի արյամբ։ Ամեն։