ՓԵՏՐՎԱՐ 14. «ԱՍՏԾՈ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ»
Իմ մարմինը Սուրբ Հոգու տաճար է՝ փրկագնված, մաքրված Հիսուսի արյամբ։
Աստվածաշունչն ասում է, որ մենք պետք է փառավորենք Աստծուն թե՛ մեր մարմինների և թե՛ մեր հոգիների մեջ (տե՛ս 1-ին Կորնթացիներին 6։20), որովհետև երկուսն էլ պատկանում են Աստծուն, երկուսն էլ փրկագնվել են սատանայի ձեռքից Հիսուսի արյամբ։ Իմ ոչ մի բաղկացուցիչ մասը՝ հոգին, շունչը և մարմինը, սատանայի տնօրինման և հսկողության տակ չէ։
Թույլ տվեք հստակ ասել, որ ես ոչ թե հարուցյալ, այլ՝ մահկանացու մարմին ունեմ։ Բայց այս մահկանացու մարմինը` իր բոլոր մկաններով, բջջիջներով և հյուսվածքներով Աստծո սեփականությունն է և ոչ թե սատանայի։ Եթե սատանան ներխուժում է այդ տարածք, նա սահմանախախտ է։ Հիսուսի մեջ ունեցած մեր իրավունքների կիրառմամբ մենք կարող ենք մի վահանակ բարձրացնել, որի վրա գրված է՝ «ՄՈՒՏՔՆ ԱՐԳԵԼՎԱԾ Է»։ Օրինականորեն մեր մարմինները չեն պատկանում սատանային, այլ պատկանում են Հիսուսին, ով հատուկ նպատակ ունի դրանց համար։ Դրանք պետք է մի վայր լինեն, որտեղ կբնակվի աստվածության երրորդ Անձը՝ Սուրբ Հոգին։ Մեր մարմինները սուրբ են, որովհետև նախատեսված են լինելու Սուրբ Հոգու բնակության վայրը։
Աստվածաշունչը բազում անգամներ հստակ ասում է, որ Աստված չի բնակվում ձեռակերտ տաճարներում(օրինակի համար նայե՛ք Գործք Առաքելոց 7:48-ը)։ Նմանապես Նա չի բնակվում եկեղեցական շենքերում, վանքերում, ժողավարաններում կամ էլ պաշտամունքի տներում։ Նա բնակվում է Իր ժողովրդի մեջ։
Շնորհակալությու՛ն, Տե՛ր, Հիսուսի արյան և Քո Սուրբ Հոգու աշխատանքի համար։ Ես հռչակում եմ, որ իմ մարմինն Աստծո սեփականությունն է և ոչ թե սատանայի։ Օրինականորեն իմ մարմինը չի պատկանում սատանային, այլ՝ Հիսուսին և նա հատուկ նպատակ ունի իմ մարմնի համար։ Իմ մարմինը Սուրբ Հոգու տաճար է՝ փրկագնված, մաքրված Հիսուսի արյամբ։ Ամեն։