ՓԵՏՐՎԱՐ 7. «ԿԱՏԱՐՅԱԼ ՓՈԽԱԴՐՈՒԹՅՈՒՆ»
Հիսուսի արյամբ ես սրբագործված եմ, դարձել եմ սուրբ, առանձնացվել եմ Աստծո համար։

Ինչպես արդարությունը, այնպես էլ սրբագործումը չի գալիս ջանքով կամ էլ կրոնի միջոցով, սակայն միայն Հիսուսի արյան հանդեպ ունեցած հավատքի միջոցով։ Սրբագործվել նշանակում է առանձնացվել Աստծո համար։ Այժմ մենք պատկանում ենք Աստծուն, մենք Աստծո հսկողության տակ ենք և հասանելի ենք Նրան։ Ամեն բան, ինչն Աստծուց չէ, իրավունք չունի մոտենալ մեզ, մենք պաշտպանված ենք արյամբ․

«Եվ գոհություն տանք Հորը, որ մեզ արժանացրեց մասնակից լինելու սրբերի ժառանգությանը լույսի մեջ, որը մեզ խավարի իշխանությունից ազատեց ու մեզ Իր սիրելի Որդու արքայության մեջ փոխադրեց»։

Կողոսացիներին 1:12-13

Հիսուսի արյան հանդեպ ունեցած հավատքի միջոցով մենք սատանայի իշխանությունից փոխադրվել ենք և հայտնվել ենք Աստծո արքայության մեջ։ Փոխադրել բառը նշանակում է մեկ տեղից մյուսը տեղափոխել։ Աստվածաշնչում այս բառը գործածվում է ամբողջական տեղափոխության համար։ Հին Կտակարանում երկու մարդ կար՝ Ենովքը և Եղիան, որոնք երկրից փոխադրվեցին երկինք։ Երկուսն էլ գնացին հավիտենություն։ Այն ամենը, ինչ մնաց Եղիայից, նրա թիկնոցն էր, սակայն նրա մարմինը գնաց։

Որքանով որ ես հասկանում եմ Աստվածաշունչը, սա ճշմարիտ է նաև մեզ համար։ Մենք ամբողջովին տեղափոխվել ենք՝ հոգով, շնչով և մարմնով։ Մենք այլևս սատանայի տարածության մեջ չենք, նրա օրենքների ներքո չենք։ Մենք Աստծո Որդու տարածքի մեջ ենք և նրա օրենքների ներքո։

Շնորհակալությու՛ն, Տե՛ր, Հիսուսի արյան համար։ Ես հռչակում եմ, որ Հիսուսի արյան հանդեպ ունեցած հավատքով սուրբ եմ դարձել, ամբողջովին փոխադրվել եմ սատանայի տարածքից Աստծո Որդու տարածքի մեջ։ Հիսուսի արյամբ ես սրբագործված եմ, դարձել եմ սուրբ, առանձնացվել եմ Աստծո համար։