ՓԵՏՐՎԱՐԻ 4. «ԲԱՐԻ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆ»

Հիսուսի արյամբ ես արդարացված եմ, դարձել եմ արդար այնպես, որ կարծես երբեք էլ մեղք չեմ գործել։

Կրոնավոր մարդիկ կարծում են, թե նրանք բավականին սուրբ են, եթե ընդգծեն, թե որքան մեղավոր են։ Հիմնական խնդիրն այն է, որ մենք ինքնահավան կլինենք, եթե մեր ուժերով հավակնենք արդարության։ Մեզ թվում է, թե ավելի կրոնավոր կլինենք, եթե շարունակենք խոսել մեր սխալների, ինքնահավանության և հանցանքների մասին։

Յուրաքանչյուր կիրակի այն եկեղեցում, որտեղ ես մեծացել եմ, մենք պետք է ասեինք. «Ների՛ր մեզ՝ թշվառ մեղավորներիս»։ Սակայն, երբ ես նայում էի մյուս մեղավորներին, ապա իրոք համոզվում էի, որ մենք թշվառ ենք։ Վերջիվերջո ինքս ինձ ասացի. «Եթե կրոնի ողջ գործը մեզ թշվառ դարձնելն է, ապա ես կարող եմ առանց կրոնի էլ մեղավոր լինել և չլինել այնքան թշվառ, որքան որ սրանք են»։ Եվ ահա, թե ես որ դիրքում հայտնվեցի մինչև Տիրոջը հանդիպելը։

Կրոնի լեզուն շարունակաբար ասում է. «Մենք թշվառ մեղավորներ ենք, մենք մոլորված ոչխարների նման խարխափել ու մոլորվել ենք Աստծո ճանապարհներից, մենք բաներ ենք արել, որ չպետք է անեինք և չենք արել այն բաները, որ պետք է անեինք»։

Ես այժմ չեմ կարող ասել այս բառերը՝ հակառակ դեպքում կեղծավոր կլինեմ։ Ինչպե՞ս կարող եմ երկուշաբթի առավոտյան աղոթել մեղքի հանդեպ հաղթանակի համար, եթե ես գիտեմ, որ եկող կիրակի պետք է ասեմ, որ ես մոլորված և խարխափած եմ, որ բաներ եմ արել, որ չպետք է անեի և բաներ չեմ արել, որ պետք է անեի։ Այս անելով՝ ես իմ հավատքի հիմքերի մեջ ականներ կդնեի, թեպետ այն այնքան գեղեցիկ և բարեպաշտ է հնչում։

Եկեք մեր դավանությունն անենք Աստծո Խոսքի համաձայն և հավատանք դրան. «Հիսուսի արյամբ ես արդարացված եմ, արդար եմ դարձել, որ կարծես երբեք էլ մեղք չեմ գործել»։

Շնորհակալությու՛ն, Տե՛ր, Հիսուսի արյան համար։ Ես իմ դավանությունն եմ բարձրացնում Աստծո Խոսքի համաձայն և հռչակում եմ. «Հիսուսի արյամբ ես արդարացված եմ, դարձել եմ արդար այնպես, որ կարծես երբեք էլ մեղք չեմ գործել»: