ՀՈՒՆՎԱՐԻ 28. «ՀԱՐԹ ՔԱՐԵՐ»

Հիսուս Քրիստոսի՝ Աստծո Որդու արյունը շարունակաբար մաքրում է ինձ բոլոր մեղքերից։

Այն փաստը, որ անձնավորությունն ապաշխարել է իր մեղքերից և հավակնում է Քրիստոսում եղած փրկությանը, չի նշանակում, որ նրա ողջ բնավորությունն անմիջապես փոխվել է։ Անշուշտ կենսական կարևորություն ունեցող փոփոխություն է սկսվել, սակայն այն կարող է շատ տարիներ պահանջվել իր բնավորության յուրաքանչյուր ոլորտում փոփոխության հասնելու համար։

Երբ Դավիթը հարթ քարերի կարիք ուներ իր պարսատիկի մեջ դնելու համար, որպեսզի Գողիաթին տապալեր, նա իջավ դաշտավայրը՝ խոնարհության վայրը։ Այնտեղ՝ առվի մեջ, նա գտավ այն տեսակի քարերը, որոնց կարիքը նա ուներ։ Ի՞նչն էր այդ քարերին հարթ դարձրել։ Երկու ճնշում. առաջին՝ ջուրն էր հոսում դրանց վրայով, երկրորդ՝ քարերը շարունակաբար տաշվում էին միմյանց հետ։

Սա մի նկարագրություն է, թե ինչպես է ձևավորվում քրիստոնեական բնավորությունը։ Սկզբում Խոսքի ջրի շարունակական հոսքն է լինում (տե՛ս Եփեսացիներին 5:26)։ Երկրորդ՝ երբ մենք միմյանց հետ ենք տաշվում մեր անձնական փոխհարաբերություններում, մեր անհարթ ծայրերը հետզհետե մաշվում են, մինչև որ դառնում են հարթ։ Մենք կենդանի քարեր ենք, որոնք կարիք ունեն շարունակաբար հղկվելու (տե՛ս 1-ին Պետրոս2:5)։

Թույլ տվեք մի հպանցիկ լուսաբանում անել. երբ Հիսուսը «կենդանի քարերի» կարիք ունի իր պարսատիկի համար, նա նույնպես գնում է դեպի դաշտավայրը՝ խոնարհության վայրը։ Այնտեղ նա քարեր է ընտրում, որոնք հղկվել ու հարթվել են Աստծո Խոսքից և այլ հավատացյալների հետ հարատև հաղորդակցության ճնշումից։ Հոգևոր հասունության նշան է մեր հավատակից քրիստոնյաներին անկեղծորեն սիրելը ոչ թե այն բանի համար, թե ովքեր են իրենք իրենցից ներկայացնում, այլ այն, թե իրենք ինչ են նշանակում Հիսուսի համար, որ հեղեց իր արյունը նրանցից յուրաքանչյուրի համար։

Շնորհակալությու՛ն, Տե՛ր, Հիսուսի արյան համար։ Ես հռչակում եմ, որ ինքս ինձ խոնարհաբար հնազանդեցնում եմ Խոսքի լվացմանը և ինձ նվիրում եմ իմ հավատակից քրիստոնյաներին անկեղծորեն սիրելուն։ Հիսուս Քրիստոսի՝ Աստծո Որդու, արյունը շարունակաբար մաքրում է ինձ բոլոր մեղքերից։ Ամեն։