ՀՈՒՆՎԱՐԻ 27. ԱՐՅՈՒՆԸ «ԽՈՍՈՒՄ Է»

Հիսուս Քրիստոսի՝ Աստծո Որդու արյունը շարունակաբար մաքրում է ինձ բոլոր մեղքերից։

Կա Հիսուսի թանկագին արյան մեկ այլ գործ՝ սահմանված մեզ համար, մի բանի, որի մասին շատ քրիստոնյաներ տեղյակ չեն։ Եբրայեցիների 12:22- 24-ում կարդում ենք. «Բայց մոտեցել են (բոլոր ճշմարիտ հավատացյալները) Սիոն սարին… ու այն արյան սրսկմանը, որ ավելի լավ է խոսում, քան Աբելի արյունը»։

Երկնային Սիոն սարի մոտ Հիսուսի արյունը ցողվում է մեր փոխարեն Սրբության սրբոցի՝ Աստծո ներկայության մեջ։ Քրիստոսը մուտք գործեց այս վայր  որպես մեր նախակարապետ՝ ստանձնելով մեր քավությունն իր զոհով  և նա ցողեց մեր քավության արյունը Ամենակարող Հայր Աստծո ներկայության մեջ։

Մենք պետք է մի կարևոր հակադրություն նկատենք այստեղ։ Վաղ պատմության մեջ Ադամի և Եվայի առաջին որդին՝ Կայենը, սպանեց իր եղբորը՝ Աբելին։ Կայենն այնուհետև փորձեց հերքել պատասխանատվությունը, սակայն Տերը մարտահրավեր նետեց նրան և ասաց. «Դու ոչ մի կերպ չես կարող խուսափել քո մեղքից, որովհետև քո եղբոր արյունը, որը դու թափեցիր երկրի վրա, Ինձ է աղաղակում հատուցման համար» (տ՛ես Ծննդոց 4:1-15)։ Դրան հակառակ՝ Հիսուսի թափված արյունը երկնքում աղաղակում է ոչ թե հատուցման համար, այլ ողորմության։ Արյունը շարունակաբար աղաչում է հենց Աստծո ներկայության մեջ Իր ողորմության համար։

Երբ մենք մեկ անգամ անձամբ վկայում ենք Հիսուսի արյան իշխանության մասին, կարիք չունենք ամեն րոպե կրկնել այս բառերը, որովհետև Հիսուսի արյունը ցողվում է ամեն ժամանակ մեր փոխարեն Աստծո բուն ներկայության մեջ։ Ամեն անգամ, երբ մենք խնդիրների, փորձանքի մեջ ենք, վախեցած ենք կամ էլ շփոթված, մենք պետք է մեզ հիշեցնենք, որ Հիսուսի արյունը հենց այս պահին իմ փոխարեն խոսում է Աստծո ներկայության մեջ։

Շնորհակալությու՛ն, Տե՛ր, Հիսուսի արյան համար։ Ես հռչակում եմ, որ նրա արյունը հենց հիմա իմ փոխարեն բարեխոսում է ողորմության համար Աստծո ներկայության մեջ։ Հիսուս Քրիստոսի՝ Աստծո Որդու արյունը  շարունակաբար մաքրում է ինձ բոլոր մեղքերից։ Ամեն։