ՀՈՒՆՎԱՐԻ 18. «ՄԱՔՈՒՐ ՑՈՒՑԱԿ»

Հիսուսի արյամբ իմ բոլոր մեղքերը ներված են։

Աստծո բնության ամենազարմանահրաշ գծերից մեկը Նրա ներումն է, Նա դա այնքա՜ն կատարյալ և ամբողջական է անում։ Միքիայի գիրքը գեղեցիկ ձևով արձանագրում է այս ճշմարտությունը.

«Ո՞վ է Աստված Քեզ նման, անօրինություն վեր առնող և իր ժառանգության մնացորդի մեղքից անց կենող, որ չի պահում Իր բարկությունը հավիտյան, որովհետև Նա ողորմություն սիրող է։ Նա դարձյալ մեզ պիտի ողորմի, Նա պիտի ոտնահարի մեր անօրինությունները. և մեր բոլոր մեղքերը Դու կգցես ծովի խորքերը»։

Միքիա 7:18-19

Միթե՞ սա հրաշալի չէ։ Յուրաքանչյուր սխալ բան, որը երբևէ արել ենք, յուրաքանչյուր բան, ինչը մեզ կստիպեր, որ մեղավոր զգայինք, յուրաքանչյուր մեղադրանք, որը թշնամին երբևէ կհասցեագրեր մեզ, Աստված ոտնատակ է տալիս, այնուհետև այն նետում է ծովի խորությունների մեջ։

Երբևէ մի՛ փորձիր վերադառնալ և հարություն տալ մի բանի, ինչն Աստված թաղել է։ Եթե Աստված ներել է քեզ, դու ներված ես։ Այլևս որևէ հարց չի մնում։ Աստծո ներումը բացարձակ է։ Եսայայի գրքում Աստված ասում է Իր ժողովրդին.

«Ես՝ Ես եմ, որ ջնջում եմ քո հանցանքները իմ պատճառով և քո մեղքերը չեմ հիշում»։

Եսայա 43:25

Երբ Աստված ներում է մեզ, նա ջնջում է մեր մեղքերի ցուցակը, մեր ցուցակը մաքուր է։ Աստված թույլ հիշողություն չունի, սակայն Նա հնարավորություն ունի որոշել մոռանալ։ Եվ երբ Նա ներում է, Նա մոռանում է։

Շնորհակալությու՛ն, Տե՛ր, Հիսուսի արյան համար։ Ես հռչակում եմ, որ Դու ինձ ամբողջովին ներել ես՝ ջնջելով իմ մեղքերի ցուցակը։ Դու դրանք մոռացել ես, և ես նույնպես կմոռանամ։ Հիսուսի արյամբ, իմ բոլոր մեղքերը ներված են։ Ամեն։