ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24. «ԳՈՀԱՑՈՂ ՇՐԹՈՒՆՔՆԵՐ»

Ամեն ժամանակ օրհնության զոհ մատուցենք

Սա Եբրայեցիների նամակի տասներկուերորդ և վերջին «Եկե՛ք» վճիռն է. «Ուստի նրա (Հիսուսի) ձեռքով ամեն ժամանակ Աստծուն օրհնության զոհ մատուցենք, այսինքն՝ նրա անունը դավանող շրթունքների պտուղը» (Եբրայեցիներին 13:15): Ըստ իս, այս վճիռը շատ տեղին է և գեղեցիկ, քանի որ այն մի բան է, որը պետք է անդադար անենք։ Եթե մենք ամեն ժամանակ՝ տարին շուրջբոլոր, օրհնության զոհ մատուցենք Աստծուն, ապա մեծ փոփոխություն կլինի այն բանի մեջ, ինչ այդ տարին ունի յուրաքանչյուրիս համար։
Աստծուն օրհնության զոհ մատուցելու այս վերջին քայլն ուղղակի և առանձնահատուկ առնչություն ունի նախորդ երկու քայլերի հետ, որոնք են՝ «Պինդ բռնենք շնորհը» և «Եկե՛ք բանակատեղից դուրս գնանք նրա մոտ»։

Շնորհը կամ երախտագիտությունը բնական հունով տանում են դեպի օրհներգության՝ փառաբանության։ Աստվածաշնչում շատ խոսքեր կան, որտեղ գոհությունն առնչվում է փառաբանության հետ։ Այդ ամենահրաշագեղ խոսքերից մեկը Սաղմոս 100:4-ն է. «Մտե՛ք նրա դռները գոհությունով, նրա սրահները՝ փառաբանությունով»։ Աստծո մոտ մուտքի արտոնություն ձեռքբերելու առաջին քայլը գոհությունն է, երկրորդը՝ փառաբանությունը։ Գոհությունը տանում է փառաբանության։ Գոհությունը դրսևորվում և բխում է փառաբանության միջոցով։

Այս քայլին անմիջապես նախորդող քայլը՝ «Եկե՛ք բանակատեղից դուրս գնանք նրա մոտ», մեզ արձակում է անձը հաճեցնելու և այս աշխարհին հաճեցնելու երկու ստրկություններից։ Կրկին նշեմ, որ այս քայլն ուղղակի առնչություն ունի փառաբանության զոհ մատուցելու հետ։ Հնարավոր է, որ առաջին հայացքից դու այն չտեսնես, սակայն մեր կյանքում ինքնակամ և ինքնաբուխ փառաբանության երկու խոչընդոտներ կան՝ անձնասիրությունը և այս աշխարհի սերը։ Այնքան ժամանակ, մինչդեռ մեր սերը կենտրոնացած է դեպի մեր անձը կամ դեպ այս աշխարհը, մենք իրականում ազատ չենք լինի Աստծուն փառաբանելու համար։ Խաչը վերացնում է այս երկու խոչընդոտները և մեզ ազատ արձակում՝ Ատծուն փառաբանելու համար։

Շնորհակալությու՜ն, Տե՛ր, ես Քեզ փառք եմ տալիս։ Հռչակում եմ, որ ես վերացնում եմ իմ կյանքում եղած բոլոր խոչընդոտները և օրհնություն եմ մատուցում Աստծուն՝ «Նրա անունը դավանող շրթունքների պտուղը»։ Ես ամեն ժամանակ օրհնության զոհ կմատուցեմ Աստծուն։ Ամեն։