Եկե՛ք բանակատեղից դուրս գնանք նրա մոտ
Եսայա 53:2-ը տալիս է երկրի վրա Հիսուսի վաղ տարիների մարգարեական նկարագրությունը. «Որովհետև նա մատաղատունկի պես դուրս եկավ Նրա առաջ, և արմատի պես՝ ծարավոտ երկրից. ո՛չ կերպարանք ուներ, ո՛չ էլ վայելչություն, և մենք տեսանք նրան, և մի տեսք չկար, որ ախորժեինք»։ Մանկությունից մինչև չափահասություն Հիսուսը մեծացավ մատաղատունկի պես՝ ուղիղ և աստվածավախ իր բոլոր ճանապարհներում։ Այս փաստը նկարագրված է նաև Ղուկաս 2:40-ում. «Մանուկն էլ աճում էր ու Հոգով զորանում՝ իմաստությամբ լցվելով, և Աստծու շնորհը նրա վրա էր»։ Միևնույն ժամանակ Հիսուսը նաև «արմատի պես՝ ծարավոտ երկրից» էր։ Նա ի հայտ եկավ երկարատև հոգևոր աղքատության ժամանակ որպես Աստծո պատգամաբերն Իսրայելին։ Մոտ երեք հարյուր տարի Իսրայելը ոչ մի մարգարեական հայտնություն չէր ստացել։ Այս մարգարեական լռությունը խախտվեց միայն Հովհաննես Մկրտչի կողմից, այնուհետև՝ հենց իր՝ Հիսուսի կողմից, և այս երկուսն էլ հռչակեցին Աստծո արքայության մասին։
Հիսուսը չուներ ոչ մի հատուկ արտաքին սքանչելություն, որը մարդկանց կհայտներ Իր ճշմարիտ ինքնությունը։ Մարդիկ նրա մեջ տեսնում էին ոչ ավելին, քան միայն հյուսն Հովսեփի որդին (տե՛ս Մատթեոս 13:54-55)։ Երբ Պետրոսը նրան ճանաչեց որպես Աստծո Որդի և Մեսիա, Հիսուսն ասաց, որ այդ հայտնությունը ոչ թե Պետրոսի բնական զգայարաններից էր բխում, այլ դա նրան տրվեց Հայր Աստծուց (տե՛ս Մատթեոս 16:17)։ Մարգարեությունն այսպես է շարունակվում. «Նա անարգված և մարդկանց երեսից ընկած, հարվածների (ցավերի) տեր և ցավի (հիվանդության) տեղյակ եղավ, և մի այնպիսին, որից պետք է երես ծածկել. անարգված էր, և մենք նրան ոչինչ էինք համարում» (Եսայա 53:3)։ Հիսուսը չէր փնտրում հարուստ մարդկանց բարեհաճությունը։ Այլ փոխարենը նա իրեն նվիրել էր անխոնջ կերպով օգնելու խեղճերին ու տառապյալներին։ Նա տարավ ցավ ու հիվանդություն՝ վերջ ի վերջո իր վրա վերցնելով համայն մարդկության ցավն ու հիվանդությունը։ Ամոթի ու տառապանքի մեջ խաչին գամված լինելով՝ նա դարձավ «մի այնպիսիսն, որից պետք է երես ծածկել» (Եսայա 53:3)։
Շնորհակալությու՛ն, Տե՛ր, որ Դու ինձ կանչում ես՝ այս աշխարհը ետևում թողնելու։ Ես հռչակում եմ, որ թեպետ Հիսուսն անարգվեց ու մերժվեց մարդկանց կողմից, ես նրան ընդունում և գնահատում եմ որպես Մեսիա, Աստծո Որդի։ Ես բանակատեղից դուրս կգնամ Նրա մոտ։ Ամեն։