ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20. «ԲԱԺԱՆՄԱՆ ՆՇԱՆԸ»
Եկե՛ք բանակատեղից դուրս գնանք նրա մոտ
Հովհաննեսի ավետարանում Հիսուսը հետևյալ դրույթն է առաջ քաշում.
«Եթե աշխարհը ձեզ ատում է, իմացե՛ք, որ ինձ ձեզանից առաջ է ատել։ Եթե այս աշխարհից լինեիք, ապա աշխարհն իրեններին կսիրեր. բայց որովհետև աշխարհից չեք, այլ ես ձեզ ընտրեցի աշխարհից, դրա համար աշխարհն ատում է ձեզ»։
Հովհաննես 15:18-19
Եթե «աշխարհը մեզ սիրում է այնպես, ինչպես իրեններին», ապա դա մի հաստատ նշան է այն բանի, որ մենք Հիուսին չենք պատկանում։ Մենք պետք է ականջ դնենք այդ զգուշացմանը։ Իսկ այդ դեպքում ո՞րը պետք է լինի մեր վերաբերմունքը։ Պողոսն այդ մասին լավ է արտահայտվում Գաղատացիներին 6:14-ում.«Սակայն քավ լիցի, որ ես պարծենամ, բայց միայն Տեր Հիսուս Քրիստոսի խաչով, որով աշխարհն ինձ համար խաչված է, ես էլ՝ աշխարհի համար»։
Թող մենք երբեք չպարծենանք որևէ այլ բանով, և ոչ էլ վստահենք այլ բանի, բայց միայն Քրիստոսի խաչին։ Չպարծենանք ո՛չ կրթությամբ, ո՛չ կրոնով և ո՛չ էլ հարանվանությամբ։ Մենք վստահորեն կարող ենք պարծենալ Քրիստոսի խաչով, որով նա մնայուն և անփոփոխ հաղթանակ տարավ բոլոր չար ուժերի նկատմամբ։ Խաչի միջոցով «աշխարհն ինձ համար խաչված է, ես էլ՝ աշխարհի համար»։ Խաչը բաժանման նշան է հանդիսանում Աստծո ժողովրդի և աշխարհի ժողովրդի միջև։ Երբ մեր կյանքում ընդունում ենք խաչի սկզբունքը, ապա այլևս աշխարհին չենք պատկանում։ Հիսուսը մեզ տվեց հաղթանակի այս հրաշագեղ խոստումը. «Այս բաները խոսեցի ձեզ հետ, որպեսզի ինձանով խաղաղություն ունենաք։ Աշխարհում նեղություն կունենաք, բայց քաջացե՛ք, ես հաղթել եմ ախարհին» (Հովհաննես 16:33)։
Մենք նեղություն կունենանք, բայց Հիսուսը հաղթել է այս աշխարհին։ Նրանով մենք նույնպես կարող ենք հաղթել աշխարհին, եթե կամենում ենք գնալ նրա մոտ՝ դարպասի դրսի կողմը՝ կրելու նրա նախատինքը։
Շնորհակալությու՛ն, Տե՛ր, որ Դու ինձ կանչում ես՝ այս աշխարհը ետևում թողնելու։ Հռչակում եմ, որ ես ընդունում եմ խաչը՝ որպես բաժանման նշան Աստծո ժողովրդի և աշխարհի ժողովրդի միջև՝ այն աշխարհի, որին ես այլևս չեմ պատկանում։ Ես բանակատեղից դուրս կգնամ նրա մոտ։ Ամեն։