Պինդ բռնենք շնորհը
Գոհանալը Սուրբ Գրքի անմիջական պատվերն է. եթե չենք գոհանում, ապա մենք անհնազանդ ենք (տե՛ս 1-ին Թեսաղոնիկեցիներին 5:18)։ Քրիստոնեական կյանքի այլ կարևորագույն վերաբերմունքների նման գոհունակությունը նույնպես ծնվում է կամքի մեջ, այլ ոչ թե զգացումների մեջ։ Շնորհակալ լինելու համար պարտադիր չէ շնորհակալ զգալ։ Ովքեր երեխաներ ունեն, նրանք երեխաներին սովորեցնում են ասել «շնորհակալություն»։ Բրիտանիայում երեխաները պետք է շնորհակալություն հայտնեն նույնիսկ նախքան ինչ-որ բան ստանալը։ Դա պարզապես պատշաճ վարվեցողության հարց է։
Աստված էլ երբեմն պահանջում է, որ նախ մենք շնորհակալություն հայտնենք նախքան որևէ բան իսկապես ստանալը։ Շատ հաճախ, եթե սպասենք, որ նախ ստանանք, ապա չենք ստանա։
«Եվ Աստծու խաղաղությունն իշխի ձեր սրտերում, որի մեջ և կանչվեցիք մեկ մարմնով, ու գոհացո՛ղ եղեք։ Քրիստոսի խոսքն առատապես բնակվի ձեր մեջ ամեն իմաստությամբ. իրար սովորեցրե՛ք ու խրատեցե՛ք, ձեր սրտերում շնորհով օրհներգեցե՛ք Տիրոջը սաղմոսներով, օրհնություններով և հոգևոր երգերով։ Եվ ամենը, ինչ էլ որ անեք, խոսքով կամ գործով, ամեն բան Տեր Հիսուսի անունո՛վ արեք՝ նրա միջոցով գոհություն տալով Աստծուն և Հորը»։
Կողոսացիներին 3:15-17
Վերոնշյալ հատվածը երկու պահանջ է ներկայացնում մեզ. ամեն բան անել Տեր Հիսուսի անունով և այդ անելիս գոհանալ։ Այս ցուցումները վերաբերում են ամեն մի գործի՝ լինի դա խոհանոցի հատակը խոզանակելը, լոգարանը մաքրելը, ավտոմեքենա վարելը թե նամակ գրելը։
Այս անելը ճիշտ ու սխալի միջև բավական լավ սահմանագծում է տալիս մեզ։ Եթե կա մի բան, որն անկեղծորեն չենք կարող Հիսուսի անունով անել՝ ամբողջ ընթացքում գոհանալով, ապա ավելի լավ է՝ չանենք այդ։ Այս գործելակերպը «կարելի-չի կարելի»-ների մի ամբողջ ցուցակ է կրճատում։ Սա հիմնական սկզբունք է՝ մեր խոսքերի ու գործերի մեջ առաջնորդվելու։
Շնորհակալությու՛ն, Տե՛ր, այն ամենի համար, որ Դու արել ես ինձ համար։ Հռչակում եմ, որ ես ամեն բան Հիսուսի անունով կանեմ՝ այդ անելիս գոհանալով Հայր Աստծուց։ Ես պինդ կբռնեմ շնորհը։ Ամեն։