Համբերությամբ վազենք ասպարեզի ընթացքը
Եբրայեցիներին նամակի բաղկացուցիչ թեմաներից մեկը վերաբերում է Քրիստոսի մեջ ունեցած հավատի քո դավանությունից հետ դառնալու վտանգին։ Հինգ տարբեր հատվածներ կան Եբրայեցիների նամակում, որոնք մեզ զգուշացնում են հետ դառնալու վտանգի մասին։ Այս նախազգուշացումները Սուրբ Գրքի ամենախիստ խոսքերից են։ Հետևաբար, բանալի բառերից մեկը, որ Եբրայեցիներին նամակն ընդգծում է, հենց այն բառն է, որը մենք քննարկում ենք. համբերատարություն։
«Եվ փափագում ենք, որ ձեզանից ամեն մեկը նույն ջանքը ցույց տա, որպեսզի հույսը մինչև վերջ հաստատ մնա, որպեսզի չթուլանաք, այլ խոստումները ժառանգողներին նմանվող լինեք հավատով ու համբերատարությամբ»։
Եբրայեցիներին 6:11-12
Հավատ և համբերատարություն։ Ոմանք կասեն, թե Աստծո խոստումները քո կյանքում ունենալու համար միայն հավատ է հարկավոր։ Սակայն դա ճշմարիտ չէ։ Քեզ հարկավոր է հավատ և համբերատարություն։ Երկուսն էլ անհրաժեշտ են։ Եբրայեցիների նամակի հեղինակը շարունակում է. «Ուրեմն դեն մի՛ գցեք ձեր վստահությունը, որ մեծ վարձատրություն ունի, որովհետև ձեզ համբերություն է պետք, որպեսզի Աստծու կամքը կատարելով՝ խոստումն ստանաք» (Եբրայեցիներին 10:35-36)։
Վստահություն բառը ցույց է տալիս, որ դու խոսքի ազատություն ունես։ Դու համարձակությամբ կարող ես խոսել Հիսուսի մասին և այն մասին, թե նա ինչ է արել և դեռ ինչ պիտի անի քեզ համար։ Դու կատարել ես Աստծո կամքը, սակայն դեռ չես ստացել խոստումները։ Ի՞նչ է քեզ պետք։ Համբերություն։ Քեզ պետք է հաստատուն մնալ այն կետից, որ հռչակեցիր Աստծո խոստումը, մինչև այն կետը, որ այդ խոստումը կկատարվի։ Որոշ մարդիկ կատարում են Աստծո կամքը և հռչակում են խոստումը, սակայն նրանք հաստատուն չեն մնում։ Իսկ հետո ասում են, որ դա չի գործում։ Սակայն ոչինչ չի լինի առանց համբերության։ Քեզ պետք է հավատ և համբերություն։
Շնորհակալույթյու՛ն, Տե՛ր, որ Դու օգնում ես ինձ «ձգտել»։ Հռչակում եմ, որ ես մինչև վերջ համբերում եմ հավատով՝ հաստատուն մնալով Աստծո կամքն անելու և խոստումները հռչակելու մեջ։ Ես համբերությամբ կվազեմ ասպարեզի ընթացքը։ Ամեն։