Համբերությամբ վազենք ասպարեզի ընթացքը
Եկե՛ք քննարկենք որոշ հասարակ սկզբունքներ, որոնք մեզ կօգնեն համբերություն զարգացնել։ Նախ կարդանք, թե ինչ է գրում Պողոսը Հռոմեացիներին 5:1-2 խոսքերում.
«Արդ մենք, հավատով արդարացած լինելով, Աստծու հետ խաղաղությւոն ունենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով։ Նրա միջոցով հավատով ընդունել ենք այս շնորհի մեջ մտնելն էլ, որի մեջ կանգնած ենք և պարծենում ենք Աստծու փառքի հույսով»։
Մենք պարծենում ենք այն բանի համար, ինչ ապագան ունի մեզ համար։ Պողոսը շարունակում է՝ ասելով, որ մենք ոչ միայն ապագայի համար ենք պարծենում, այն նաև այն ամենի համար, ինչ ներկան տալիս է մեզ. «Եվ ոչ միայն այսքան, այլ նեղությունների մեջ էլ ենք պարծենում՝ գիտենալով, որ նեղությունը համբերություն է առաջացնում, համբերությունը՝ փորձառություն, փորձառությունը՝ հույս» (խոսք 3-4)։ 3-րդ խոսքում օգտագործված պարծենալ բառը հունարենում նաև ունի «ուրախանալ, ցնծալ» իմաստը։
Մենք պետք է ցնծանք նեղության մեջ այն բանի համար, ինչ նեղությունն առաջացնում է։ Այս խոսքի անգլերեն մի թարգմանություն ասում է. «Նեղությունը բերում է համբերության, համբերությունը՝ փորձված բնավորության, փորձված բնավորությունը՝ հույսի»։ Համբերությունը մեր մեջ փորձված բնավորություն է առաջացնում։ Սա է համբերության էությունը՝ բնավորություն, որ դիմացավ փորձությանը։ Ինչպես Պողոսը գրեց. «Հույսն էլ չի ամաչեցնում, որովհետև Աստծու սերը սփռված է մեր սրտերի մեջ Սուրբ Հոգու միջոցով, որ տրվեց մեզ» (Հռոմեացիներին 5:5)։
Սերը բնավորության հարց է։ Փաստորեն, մենք զբաղվում ենք մեր մեջ բնավորություն կերտելով։ Մենք ցնծում ենք նեղության մեջ, քանի որ նեղությունը միակ բանն է, որ համբերություն է առաջացնում։ Իսկ համբերությունը փորձված բնավորություն է առաջացնում։ Ես ճանաչում եմ այն մարդկանց, ում հետ ես քայլել եմ և կիսել եմ դժվարություն, դիմադրություն, անձի խեղաթյուրում և թյուրըմբռնում։ Սակայն այսօր ինձ համար նրանց բնավորությունը փորձված է. ես գիտեմ, որ կարող եմ վստահել նրանց։ Դավաճանության և անօրինության ժամանակ ես ուզում եմ գիտենալ, թե ում կարող եմ վստահել։
Շնորհակալությու՛ն, Տե՛ր, որ Դու օգնում ես ինձ «ձգտելու»։ Հռչակում եմ, որ ես պարծենում եմ նեղությունների մեջ, որոնք առաջացնում են այն փորձառությունն ու հույսը, որի կարիքն ունեմ՝ ասպարեզի իմ ընթացքը կատարելու համար։ Ես համբերությամբ կվազեմ ասպարեզի ընթացքը։ Ամեն։