ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5. «ԺՈՒԺԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԸ»

Համբերությամբ վազենք ասպարեզի ընթացքը

Հաջողակ մրցասպարեզի մեկ այլ պայման է ժուժկալությունը, և այս պայմանը նկարագրված է այն խոսքերի մեջ, որ Պողոսը գրում է 1-ին Կորնթացիներին 9:24-25-ում՝ քրիստոնեական կյանքն ապրելը համեմատելով ատլետիկ մրցավազքը հաղթելու հետ։ Սա մի գերազանց զուգահեռ է, որն այսօր նույնպես շատ ակնառու է մեզ համար, քանի որ շատ հաճախ մենք հանդիսատես ենք լինում նման ատլետիկ մրցավազքների՝ մարդկանց մեջ կամ հեռուստացույցով։ Դեռևս նույն սկզբունքն է գործում.

«Չգիտե՞ք, որ ասպարեզում վազողները՝ բոլորն են վազում, բայց մեկն է մրցանակը ստանում. դուք այնպե՛ս վազեցեք, որ հասնեք»։

1-ին Կորնթացիներին 9:24

Սա է խնդիրը։ Այնուհետև Պողոսը շարունակում է՝ նշելով պայմանը.

«Եվ ամեն ոք, ով մրցում է, ամեն բանում ժուժկալ է լինում։ Արդ նրանք մրցում են, որ մի ապականելի պսակ (մրցանակ) ստանան, իսկ մենք՝ անապականելի»։

խոսք 25

Եթե պատրաստվում ենք հաղթել մրցավազքը և ստանալ մրցանակը, մենք պետք է կատարենք ժուժկալ լինելու պայմանը։ Այս ճշմարտությունն այնքան ակնհայտ է, երբ մտածում ենք ատլետիկայի պայմանների շրջանակներում։ Այսօր ամեն մի հաջողակ ատլետ պետք է խստագույնս ժուժկալություն զարգացնի իր մեջ։ Նա պետք է գնա մարզումների՝ ժուժկալություն ցուցաբերելով այն բանի մեջ, թե ինչ է ուտում, որքան քուն է նա ստանում, և թե որքան մարզումներ է անում։ Նա նաև պետք է վերահսկի իր հոգեբանությունը՝ ճիշտ դիրք կառուցելով։ Նա չի կարող իրեն թույլ տալ՝ տեղի տալու բացասական մտքերին։ Նա պետք է մրցությանը գնա դրական վերաբերմունքով՝ հավատալով, որ հասնելու է հաղթանակին։

Այս ամենը ճշմարիտ է նաև որպես քրիստոնյաներ՝ մեր մրցավազքի համար։ Մենք չենք կարող հաղթել ասպարեզն առանց ժուժկալության։

Շնորհակալությու՛ն, Տե՛ր, որ Դու օգնում ես ինձ «ձգտելու»։ Հռչակում եմ, որ ես ժուժկալություն եմ ցուցաբերում ամեն բանի մեջ, որպեսզի հաղթեմ մրցանակը։ Ես համբերությամբ կվազեմ ասպարեզի ընթացքը։ Ամեն։