ՆՈՅԵՄԲԵՐԻ 29. «ՁԵՌՔԲԵՐՎԱԾ ՀՄՏՈՒԹՅՈՒՆ»
Զգույշ լինենք իրար հանդեպ։
Ծառայելը հմտություն է, որը պետք է ձեռք բերենք։ Այն պարզապես մի ակնթարթում չի լինում, և այն հաստատապես մեր բնությունից չէ։ Օրինակի համար, ռեստորանի մատուցողը մի անձնավորություն է, ով, ինչ-որ իմաստով, կանչված է ծառայելու։ Սակայն նա կարիք ունի վարժեցնելու իրեն։ Ես մի ընկեր ունեմ, ով մի ժամանակ մատուցող էր եղել, և մի անգամ նա ինձ բացատրեց այն ամենը, ինչ իր մեջ ներառում է լավ մատուցող լինելը։ Երբ ես ըմբռնեցի վարժեցնելու գործընթացը, հասկացա, որ այն հենց այնպես չի պատահում. ծառայելը հմտություն է, որը պետք է ձեռքբերենք։ Մենք պետք է զննենք այլ մարդկանց, որպեսզի հայտնաբերենք այն, ինչը դրական արձագանք է բերում, այլ ոչ թե բացասական։ Մենք պետք է ուսումնասիրենք մարդկանց, որպեսզի նրանց մղենք սիրո և բարի գործերի, այլ ոչ թե հակառակը։ Ծառայությունը պահանջում է պրակտիկա, մարզում և կարգուկանոն։
Ծառայությունը նաև պահանջում է ճիշտ միջավայր։ Այն բանից հետո, երբ Եբրայեցիների նամակի հեղինակն ասում է. «Իրար սիրո ու բարի գործերի մղելով» (Եբրայեցիներին 10:24), նա շարունակում է՝ ասելով. «Եվ մեր՝ իրար հետ հավաքվելը չթողնենք, ինչպես ոմանց սովորությունն է, այլ իրար հորդորենք, և այնքան ավելի, որքան տեսնում եք, որ օրը մոտեցել է» (խոսք 25)։ Մենք պետք է ծառայել սովորենք ճիշտ միջավայրում, որն արտահայտված է «մեր՝ իրար հետ հավաքվելը» խոսքերի մեջ։ Այն նշանակում է մտերիմ, նվիրված, կանոնավոր հաղորդակցություն։
Հաջորդ խոսքի մեջ հեղինակը ներկայացնում է վերոնշյալի աղետալի այլընտրանքը։ Մեր՝ իրար հետ հավաքվելը չթողնելու նախազգուշացումից անմիջապես հետո նա ասում է. «Որովհետև եթե մենք ճշմարտության գիտությունն ընդունելուց հետո հոժար կամքով մեղք գործենք, այլևս նրանից հետո մեղքերի համար զոհ չի մնա, այլ՝ դատաստանի ահավոր սպասում և կրակի զայրույթը, որ հակառակվողներին կլափի» (խոսք 26-27)։ Իմաստն այն է, որ եթե մենք ճիշտ միջավայրում չենք, այսինքն՝ եթե մտերիմ, նվիրված և կանոնավոր հաղորդակցության մեջ չենք, մենք հետ կդառնանք դեպի մեղքը։ Միակ ապահով ճանապարհն այն է, որ մնանք հաղորդակցության մեջ, մտածենք մարդկանց մասին և սովորենք նրանց ուրախությամբ ծառայել։
Շնորհակալությու՛ն, Տե՛ր, որ Դու օգնում ես ինձ սիրել մարդկանց։ Հռչակում եմ, որ ես մնում եմ հաղորդակցության մեջ՝ սովորելով ծառայել և հայացքս կենտրոնացնելով այլ մարդկանց համար մտածելու վրա։ Ես զգույշ կլինեմ մարդկանց հանդեպ։ Ամեն։