Անսայթաք և պինդ բռնենք մեր դավանությունը
Հավատի և երևույթի միջև կապ չկա։ Սովորական մարդն ապրում է երևույթով՝ վստահելով իր զգայարաններին և հավատալով միայն նրան, ինչ իր զգայարաններն են ասում։ Սակայն քրիստոնեական կյանքում՝ հոգևոր կյանքում, մենք չպետք է վստահենք մեր զգայարաններին։ 2-րդ Կորնթացինորին 5:7-ն ասում է մեզ. «Որովհետև հավատով ենք ընթանում և ոչ թե երևույթով»։ Մենք ընթանում ենք ոչ թե մեր զգայարաններով, այլ՝ հավատով։ Հավատի միջոցով մենք հարաբերվում ենք անտեսանելի հավիտենական ոլորտի հետ, որն անփոփոխ է։ Այն աշխարհը, որը մենք զգում ենք, միշտ փոփոխվում է։ Այն ժամանակավոր է, անկայուն, ոչ հարատև և անհուսալի։ Հավատի միջոցով մենք առնչում ենք մեկ այլ աշխարհի հետ, որը հավիտենական իրական է և հավիտյան`ճշմարիտ։ Երբ հավատի միջոցով հարաբերվում ենք այդ աշխարհի հետ, մենք անսայթաք ու պինդ ենք բռնում մեր դավանությունը։
Այն, թե ինչպես ենք արձագանքում նեղություններին, որ Աստված թույլ է տվել մեր կյանքում, որոշում է՝ արդյոք մենք մեր զգայարանների՞ն ենք վստահում, թե՞ մեր հավատին։ Եթե խավարի պատճառով փոխենք մեր դավանությունը, ուրեմն մեր զգայարաններով ենք շարժվում, քանի որ հավատի մեջ խավար չկա։ Հավատը չի վստահում զգայարաններին, այլ ներքին հոգևոր աչքերով այն տեսնում է մի ոլորտ, որը չի փոփոխվում, և հավատը վստահում է մի Քահանայապետի, ով անփոփոխ է։ Ահա թե ինչ է Հակոբոսն ասում այս թեմայի շուրջ.
«Միայն թե (հավատացյալը) թող հավատով խնդրի, առանց երկմտելու, որովհետև երկմտողը նման է ծովի հողմակոծ ու տատանվող ալիքին։ Այդ մարդը թող չկարծի, թե Տիրոջից մի բան կստանա։ Երկմտող մարդն անհաստատ է իր բոլոր ճանապարհներում»։
Հակոբոս 1:6-8
Այս խոսքը նկարագրում է տատանվող մարդուն։ Նա սկզբում պատրաստ էր խնդրելու հավատալով և չերկմտելով, սակայն անսայթաք չմնաց։ Արդյունքում նա այս ու այն կողմ է երերվում՝ քամուց ու ալիքներից քշվելով։ Լուծումն այն է, որ անսայթաք ու պինդ բռնենք մեր դավանությունը։
Շնորհակալությու՛ն, Տե՛ր, որ Դու հավատարիմ ես. ինձ հույս ես տալիս։ Հռչակում եմ, որ ես չեմ շարժվում իմ զգայարաններով, այլ՝ հավատով։ Ես անսայթաք և պինդ կբռնեմ իմ դավանությունը։ Ամեն։