ՆՈՅԵՄԲԵՐԻ 10. «ՈՒՐԱՆԱԼ ՄԵՐ ԿԱՄՔԸ»

Ընթանանք դեպի հասունություն։

Հին Կտակարանի քահանայի հատկանշական գործը զոհ մատուցելն էր։ Եվ այսպես, քահանա լինելով՝ Հիսուսը պետք է զոհ մատուցեր։ Քանի որ նա ղևտացի չէր, նա չէր կարող օրենքի զոհը մատուցել, ըստ այդմ նա մատուցեց իր յուրահատուկ քահանայական զոհը, որն իր աղոթքն էր։

«Նա, ով իր մարմնի օրերում սաստիկ աղաղակով ու արտասուքով աղոթք ու աղաչանք էր մատուցում Նրան, որ կարող էր իրեն մահից փրկել, և լսվեց իր բարեպաշտության համար. թեև Որդի էր, այն չարչարանքներից հնազանդություն սովորեց»։

Եբրայեցիներին 5:7-8

Հիսուսի անսասան հնազանդությունը պատճառ դարձավ, որ Հայրը լսի իր աղոթքները։ Նա հնազանդություն սովորեց չարչարանքներից։ Հիսուսը պետք է հնազանդություն սովորեր, և մենք նույն կերպ պետք է հնազանդություն սովորենք։ Մենք հնազանդվելու միջոցով ենք հայտնաբերում, թե ինչ է հնազանդությունը։ Մենք այն չենք հայտնաբերում հնազանդության վերաբերյալ քարոզներ լսելով։ Դրանք կարող են օգնել մեզ, սակայն հնազանդությունը պետք է քայլ առ քայլ կազմվի հնազանդվելու միջոցով։ Հնազանդությունը չարչարանք է բերում, քանի որ այն պահանջում է, որ ուրանաս քո սեփական կամքը։ Հիսուսի հնազանդության մեջ բանալի խոսքը հետևյալն է. «Ոչ թե իմ, այլ Քո կամքը թող լինի» (Ղուկաս 22:42)։ Քրիստոնեական կյանքում հնազանդության ամեն մի քայլ սեփական կամքի ուրացում է։ Հիսուսն ասաց. «Եթե մեկը կամենում է իմ հետևից գալ, թող իր անձն ուրանա» (Մատթեոս 16:24)։ Այն ցավոտ է, հին «ես»-ը չի ցանկանում, որ իրեն ուրանան։ «Ես»-ն ասում է. «Ես ուզում եմ», «Ես կարևոր եմ», «Սա ինձ հարմար է», «Ես լավ եմ զգում», «Ես չեմ ցանկանում», և նմանատիպ այլ բաներ։ Տիրոջը հետևելու համար պահանջվում է այդ «եսի» շարունակական ուրացում։

Եբրայեցիների նամակի վերոնշյալ հատվածում Աստված մեզ հետ խոսում է հնազանդության միջոցով որպես որդիներ հասունության գալու վերաբերյալ։ Հիսուսն է օրինակը։ Աստված նրան հասունության բերեց հնազանդության միջոցով։ Սա է ուղին նաև ինձ և քեզ համար։ Սա է նոր ու կենդանի ճանապարհը։

Շնորհակալությու՛ն, Տե՛ր, որ Դու առաջնորդում ես ինձ իմ ընթացքի մեջ։ Ես հռչակում եմ, որ Տիրոջը հետևելու համար պահանջվում է, որ ուրանամ իմ «եսը», և ես ընտրու եմ հետևել Հիսուսի օրնակին այդ անհրաժեշտ պայմանը կատարելու համար։ Ես կընթանամ դեպի հասունություն։ Ամեն։