ՆՈՅԵՄԲԵՐԻ 5. «ՇԱՐՈՒՆԱԿՎՈՂ ՃԱՆԱՊԱՐՀ»
Ընթանանք դեպի հասունություն
Մինչ այժմ մենք Եբրայեցիների նամակից նայել ենք չորս «Եկե՛ք» դրույթների։ Հիմա անցնում ենք նմանօրինակ հինգերորդ դրույթին, որը կարող է նոր լուծում հանդիսանալ մեզ համար։ Եբրայեցիներին 6:1-ն ասում է. «Ուստի Քրիստոսի մասին սկզբնական խոսքը թողնելով՝ դեպի կատարյալը գանք»։ Շատ քրիստոնյաներ այն տպավորությունն ունեն, թե քրիստոնեական կյանքում կարող ես ինչ-որ իմաստով «տեղ հասնել»՝ գալով մի կետի, որտեղ կարող ես տեղավորվել և աել. «Դե՛, տեղ հասա»։ Սակայն դա ճշմարիտ չէ։ Հասուն հոգևոր կյանքում անշարժ մնալը գրեթե անհնար է։ Ինչպես Առակաց 4:18-ն է ասում. «Բայց արդարների ճանապարհը ծագող լույսի պես է, որ գնալով լուսավորվում է, մինչև որ կատարյալ օր է դառնում»։ «Արդարների ճանապարհ» արտահայտությունը չի խոսում որևէ առանձնահատուկ հավատացյալի կամ խմբի մասին, այլ այն վերաբերում է յուրաքանչյուր արդար անձնավորության։
Նկատե՛ք, որ արդարությունը ճանապարհ է։ Այն ձևավորված չէ այնպես, որ անշարժ մնաս և ոչ էլ նստես։ Որպես ճանապարհ՝ արդարությունը ենթադրում է շարժ, առաջընթաց և զարգացում։ Այս ճանապարհը արևածագի պես է, երբ նախ Տիրոջը ճանաչում ենք Իր փառքի լիությամբ՝ որպես Փրկիչ և Տեր։ Դա նման է արևին, որ ծագում է խավարից հետո, կամ էլ նման է արևածագի, որ մեր սրտերի մեջ է գալիս։ Բայց արևածագը Աստծո վերջնական նպատակը չէ. դա միայն սկիզբն է։
Երբ քայլում ենք արդարության ճանապարհի մեջ, լույսը պետք է անընդհատ պայծառանա։ Ամեն քայլի հետ, ամեն մի նոր օրվա հետ լույսը պետք է ավելի պայծառ դառնա, քան որ առաջ էր։ «Մինչև որ կատարյալ օր է դառնում». ահա այս է մեր վերջնական կետը՝ ցերեկվա բարձրագույն կետը։
Աստծուն չի գոհացնի այն, որ մենք կանգ առնենք ավելի շուտ, քան կհասնենք կեսօրվա արևի լիակատար պայծառությանը։ Արևածագը մեր ելման կետն է, ճանապարհն առաջընթացի ուղին է, և լույսը ավելի ու ավելի է պայծառանում։ Սակայն ոչ մի կանգառ չի թույլատրվում, մինչև որ հասնենք կատարյալ օրվան։
Շնորհակալությու՛ն, Տե՛ր, որ Դու առաջնորդում ես ինձ իմ ընթացքի մեջ։ Ես հռչակում եմ, որ արդարությունը ճանապարհ է, և Աստված իմ կողմից ակնկալում է շարժում, առաջընթաց և զարգացում։ Ես կընթանամ դեպի հասունություն։ Ամեն։