ՆՈՅԵՄԲԵՐԻ 1. «ՀԱՄԱՐՁԱԿՈՒԹՅԱ՛ՄԲ ԵԿԵՔ»
Մոտենանք շնորհի աթոռին
Մենք համարձակությամբ ենք գալիս Աստծո աթոռի մոտ, որովհետև այն շնորհի աթոռ է։ Մենք Նրա աթոռին չենք մոտենում մեր արժանիքների հիման վրա, այլ գալիս ենք Հիսուսի անունով՝ փառաբանությամբ և գոհությամբ ու առանց դատապարտության։ Մենք համարձակությամբ ենք գալիս, որովհետև Աստված է մեզ թույլ տվել, որ մոտենանք։ Եբրայեցիների թղթի հեղինակը գրում է. «Համարձակություն ունենք սրբարան մտնելու Հիսուսի արյունով» (Եբրայեցիներին 10:19)։
Երբ աղոթում ենք Աստծուն, մենք երբեք չպետք է դատապարտությամբ մոտենանք Նրան։ Դատապարտությունը աղոթքի պատասխանի մեծագույն թշնամիներից մեկն է։ Իսկ դատապարտության հիմնական աղբյուրը ինքնաարդարացման փնտրտուքն է։ Եթե զգում ենք, որ ինքներս մեզ պետք է արդարացնենք, ապա մենք երբեք չենք կարող անել այդ այնպես, որ բավարարված մնանք։ Պետք է ժամանակ գա, երբ մենք մի կողմ կդնենք ինքնաարդարացման ամեն մի փորձ ու պարզապես կասենք. «Ես հավատքով ընդունում եմ Հիսուսի արդարությունը, որն իր հանդեպ ունեցած իմ հավատքի միջոցով ինձ է վերագրված՝ համաձայն Աստծո Խոսքի։ Ես ո՛չ կցուցադրեմ իմ լավ գործերը, և ո՛չ էլ կշիկնեմ իմ վատ արարքների համար։ Ես համարձակությամբ կգամ Աստծո գահի մոտ, որովհետև այն շնորհի աթոռ է։ Ես անընդհատ չեմ քննի իմ սիրտը՝ որոշելու, թե արդյոք բավականաչափ լա՞վն եմ։ Ես կվստահեմ Աստծուն, որ Հիսուսի արյունն ինձ մաքրել է ամեն մեղքից։ Եվ համարձակությամբ կմոտենամ գահին՝ ուղիղ դեպի սրբարան»։ Սա մուտքի փառահեղ միջոց է։
Սուրբ Գիրքն ասում է. «Նրան ճշմարիտ սրտով մոտենանք, լիակատար հավատով, մեր սրտերը չար խղճմտանքից մաքրված» (Եբրայեցիներին 10:22)։ Չար խղճմտանքը մեզ հետ կպահի արդյունավետ աղոթքից։ Մենք պետք է թույլ տանք, որ Հիսուսի արյունը կիրառվի մեր սրտերի վրա, և լիակատար համոզվածությամբ ընդունենք այն փաստը, որ ներված ենք, մաքրված շնորհիվ այն բանի, ինչ Հիսուսն արեց, իսկ հետո համարձակությամբ գանք Ամենակարող Աստծո ներկայության մեջ։
Շնորհակալությու՛ն, Տե՛ր, որ համարձակությամբ կարող եմ Քեզ մոտենալ։ Հռչակում եմ, որ Հիսուսի արյունը մաքրել ինձ բոլոր մեղքերից, և ես համարձակությամբ մոտենում եմ գահին՝ ուղիղ դեպի սրբարան։ Ես կմոտենամ շնորհի աթոռին։ Ամեն։