Մոտենա՛նք շնորհի աթոռին
Աստվածաշունչն ասում է. «Եթե մեր սիրտը մեղադրի մեզ, ապա Աստված մեր սրտից ավելի մեծ է և ամեն բան գիտի» (1-ին Հովհաննես 3:20)։ Մենք կարիք չունենք որևէ բան պահել Աստծուց։ Պետք է Նրա հետ բաց և ազնիվ լինենք՝ անկեղծությամբ խոստովանելով ամեն մի հանցանք, մեղսալից միտք և թերություն։ Սակայն այն բանից հետո, երբ ամեն ինչ խոստովանված է, մենք պետք է ընդունենք լիակատար ներումն ու լիակատար քավությունը, քանի որ գիտենք, որ Աստված երբեք չի հիշի մեր մեղքերը և այլևս մեզ չի մեղադրի դրանց համար։ Հետո մենք Նրան ենք մոտենում առանց դատապարտության։
Աղոթքի մասին խոսելով՝ Պողոսն ասում է1-ին Տիմոթեոս 2:8-ում. «Արդ կամենում եմ, որ մարդիկ ամեն տեղ աղոթք անեն, սուրբ ձեռքեր վեր բարձրացնեն՝ առանց բարկության ու երկմտանքի»։ Մենք պետք է ազատվենք այն ներքին խավար զգացումներից ու վերաբերմունքից, որ խոչընդոտ են հանդիսանում Աստծուն մոտենալու համար։ Մենք պետք է ազատվենք բարկությունից և երկմտանքից։ Աստվածաշունչն ասում է, որ եթե երկմտենք, ապա կդատապարտվենք (տե՛ս Հռոմեացիներին 14:23): Հասկանու՞մ եք՝ մենք չենք կարող դատապարտությամբ գալ Ատծո ներկայության մեջ։ Աստվածաշունչն ասում է.
«Երկմտողը նման է ծովի հողմակոծ ու տատանվող ալիքին։ Այդ մարդը թող չկարծի, թե Տիրոջից մի բան կստանա։ Երկմտող մարդն անհաստատ է իր բոլոր ճանապարհներում»։
Հակոբոս 1:6-8
Մենք պետք է մեզանից վանենք մեղքի հետ կապված ամեն հարց, ինչպես նաև՝ մեր կամ այլ մարդկանց հանդեպ ունեցած որևէ բացասական կամ սխալ վերաբերմունք։ Մենք պետք է համարձակությամբ գանք։ Ինչպես Եբրայեցիներին 4:16-ն է ասում. «Ուրեմն շնորհի աթոռին համարձակությամբ մոտենանք, որ ողորմություն ընդունենք ու շնորհ գտնենք՝ պատշաճ ժամանակին մեզ օգնելու»։
Հիշե՛ք, որ այն, ինչին մոտենում ենք, շնորհի աթոռն է, իսկ շնորհը գահակալված է Աստծո կողմից։ Մենք ոչ թե արդարության համար ենք մոտենում Աստծուն, այլ՝ շնորհի համար։
Շնորհակալությու՛ն, Տե՛ր, որ համարձակությամբ կարող եմ Քեզ մոտենալ։ Ես հռչակում եմ, որ ինձանից վանում եմ ամեն դատապարտություն և ամեն մի այլ խոչընդոտ, որպեսզի համարձակությամբ մոտենամ շնորհի աթոռին։ Ես կմոտենամ շնորհի աթոռին։ Ամեն։