ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29. «ՀՐԱՎԵՐ ԱՍՏԾՈ ԿՈՂՄԻՑ»

Մոտենա՛նք շնորհի աթոռին

Սա չորրորդ կոչն է Եբրայեցիներին ուղղված նամակում։ Հավատում եմ, որ չորրոդ քայլն ուղղակի առնչություն ունի առաջին երեք քայլերի հետ, և այդ հերթականությունն ուշագրավ է։ Շնորհի աթոռին վստահությամբ մոտենալու համար մենք պետք է նախ առաջին երեք քայլերը կատարած լինենք։

Առաջին քայլը զգուշանալն է. «Զգուշանա՛նք» (Եբրայեցիներին 4:1)։ Զգուշանալ նշանակում է այն, որ մենք գալիս ենք ակնածանքով և գիտակցելով, որ Աստծո շնորհի կարիքն ունենք։ Երկրորդ, «Ջանա՛նք» (Եբրայեցիներին 4:11)։ Սա մեր արձագանքն է Աստծո շնորհին. մենք անփույթ, ծույլ, անտարբեր կամ մեծամիտ չենք։ Աստծո շնորհը չի արդարացնում մեր անտարբերությունը կամ մեծամտությունը, այլ այն դրդում է մեզ ջանասեր լինելու։ Երրորդ քայլը. «Դավանությունը պինդ բռնե՛նք» (Եբրայեցիներին 4:14)։ Մենք պետք է ճիշտ դավանություն անենք. մեր բերանով պետք է ճշմարտությունն ասենք Հիսուսի մասին, ինչպես նաև այն մասին, թե նա ինչ է արել մեզ համար։

Ինչ վերաբերում է շնորհի աթոռին մոտենալուն, մեզ առաջարկվում է մոտենալ երկու բանի համար՝ ողորմության և շնորհի։ Իմ համոզմունքն այն է, որ եթե Աստված մեզ հրավիրում է մոտենալու, և եթե մենք կատարել ենք վերոնշյալ պայմանները, ապա մեզ ողորմություն ու շնորհ է սպասվում։ Մենք բոլորովին չպետք է վախենանք. մենք հուսախաբ չենք լինի։ Աստված երբեք չի անի մի հրավերք, որի հետևին կանգնած չլինի և չկատարի։ Եթե գալիս ենք որպես Աստծո զավակներ, ապա որպես մուրացկաններ չենք գալիս։ Աստված երկրորդ կարգի զավակներ չունի։ Նա երբեք մեզ հեռու չի պահի, եթե կատարած լինենք մոտենալու համար անհրաժեշտ պայմանները։ Շատ կարևոր է, որ մենք վստահությամբ մոտենանք։ Դա ի գործ դրված հավատք է։ Հավատքն է, որ չի մերժվի։ Հավատքն է, որ բռնում է Աստծո Խոսքը և հավատում, որ Աստված այնքան բարի է, որքան Իր Խոսքը։ Աստծո հավատարիմ լինելու մեջ նույնպես հավատքն է առանցքային։ Ահա թե ինչպես պետք է մոտենանք գահին՝ վստահությամբ։

Շնորհակալությու՛ն, Տե՛ր, որ համարձակությամբ կարող եմ Քեզ մոտենալ։ Ես հռչակում եմ՝ քանի որ Աստված ինձ հրավիրում է մոտենալու Իր գահին, և քանի որ ես կատարել եմ անհրաժեշտ պայմանները, ապա գալիս եմ այն վստահությամբ, որ ողորմություն և շնորհ է սպասվում ինձ։ Ես կմոտենամ շնորհի աթոռին։ Ամեն։