ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25. «ՄԵՐ ՓԱՍՏԱԲԱՆԸ»

Պի՛նդ բռնենք դավանությունը

Հիսուսը «մեր դավանության Քահանայապետն» է (Եբրայեցիներին 3:1)։ Մեր դավանությունը Հիսուսին արձանագրում է որպես մեր Քահանայապետ, սակայն հակառակը նույնպես, ցավոք, ճշմարիտ է։ Եթե դավանություն չենք անում, ուրեմն Քահանայապետ չունենք։ Ոչ թե Հիսուսն է դադարում մեր Քահանայապետը լինելուց, այլ մենք չենք հնարավորություն տալիս, որ նա մեր Քահանայապետի ծառայությունն անի։

Նա մեր դավանության Քահանայապետն է։ Եթե հավատքով մեր բերանով Սուրբ Գրքի համաձայն ճիշտ խոսքեր ենք ասում, ապա Հիսուսն իրեն պարտավորեցնում է հետևել, որ մենք չամաչենք, այլ միշտ փորձառաբար ապրենք այն , ինչ դավանում ենք։ Սակայն եթե ճիշտ բաներ չենք ասում, այդ դեպքում, ավա՜ղ, մենք լռեցնում ենք մեր Քահանայապետի շուրթերը։ Նա մեր անունից ոչինչ չի ունենա ասելու երկնքում։

Հիսուսը նաև կոչվում է մեր «Բարեխոսը» (1-ին Հովհաննես 2:1)։ Բարեխոս բառը համազոր է ժամանակակից իրավապաշտպան բառին։ Հիսուսը մեր օրինական մասնագետն է, ով մեր հայցը ներկայացնում է երկնքում։ Նա երբեք չի պարտվում դատը։ Բայց եթե դավանություն չենք անում, նա հայց չի ունենում ներկայացնելու, և մեր դեմ դատավճիռը կայացվում է մեր բացակայությամբ։

Տեսնում ենք, թե որքան կարևոր է դավանությունը, հետևաբար շատ կարևոր է, որ մենք ականջ դնենք Եբրայեցիների նամակի այս երրորդ «Եկե՛ք» կոչին. «Դավանությունը պի՛նդ բռնենք» (Եբրայեցիներին 4:14)։ Ճիշտ դավանության այս սկզբունքը կենտրոնական տեղ է գրավում ավետարանի մեջ, ինչպես նաև մեր փրկության փորձառության մեջ։ Իրականում, առանց ճիշտ դավանության փրկություն չկա։

Շնորհակալությու՛ն, Հիսու՛ս, որ Դու մեր դավանության Քահանայապետն ես։ Ես հռչակում եմ, որ երբ իմ բերանով հավատքով խոսում եմ Սուրբ Գրքի համաձայն, Հիսուսը հավիտենապես իրեն պարտավորեցնում է, որ ես փորձառաբար ապրեմ այն, ինչ դավանել եմ։ Ես պինդ կբռնեմ իմ դավանությունը։ Ամեն։