ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23. «ՃԻՇՏ ԴԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՆԵԼԸ»

Պի՛նդ բռնենք դավանությունը

Ես կարող եմ «դավանության» պատկերավոր նկարագրությունը տալ մի գրքից, որը վերնագրված է «Չարից մի՛ վախեցիր», և որի հեղինակն է մի աքսորյալ հրեա՝ Նաթան Շարանսկին։

Շարանսկին քրիստոնյա չէր, բայց և այնպես ՊԱԿ-ը (սովետական գաղտնի ոստիկանություն) ձերբակալեց նրան և ինը տարվա տառապանքի մատնեց։ Երբ կարդացի նրա պատմությունը, ՊԱԿ-ի մեջ տեսա սատանայի և նրա գործելաոճի ակնհայտ դրսևորումը։ Հանձին Նաթան Շարանսկիի՝ ես ճանաչեցի հաղթանակի ճանապարհը։ Նա բարձրակարգ շախմատիստ էր և որոշեց ՊԱԿ-ի հետ վարվել որպես մի շախմատի հակառակորդի՝ նրանից մեկ քայլ առաջ անցնելով։

Չնայած նա անձնական հավատք չուներ Աստծո հանդեպ, սակայն նա ուներ Աստծո գաղափարը, որն իր հրեական արմատներից էր գալիս։ Հրեական շատ աղոթքներ սկսվում են հետևյալ խոսքերով. «Ո՜վ Տեր, մեր Աստվա՛ծ, տիեզերքի՛ Թագավոր»։ Ինքնուս եբրայերեն սովորելով՝ նա որոշեց մի աղոթք դուրս գրել, որը ցանկացած կարիքի դեպքում կարող էր կրկնել։ Այդ աղոթքում նա խնդրում էր, որ Աստված իր հետ լինի, պաշտպանի իր ընտանիքը և իրեն Իսրայել տանի։ Ամեն ժամանակ, երբ լարված էր լինում, օրինակ՝ հարցաքննության սպասելիս, նա մի քանի անգամ կրկնում էր այդ աղոթքը։ Նա կրկնեց այդ աղոթքը ինը տարի շարունակ օրական մոտ տասն անգամ, որը կազմում է ավելի քան երեսուն հազար անգամ։ Արդյոք քանի՞ քրիստոնյա կշարունակի նույն աղոթքն ասել երեսուն հազար անգամ։

ՊԱԿ-ի նպատակներից մեկն այն էր, որ ստիպի Շարանսկիին՝ սխալ դավանություն անելու։ Եթե նա պարզապես ասեր, որ ինքը դավաճան է, ապա նրանք կարձակեին իրեն։ Սակայն նա հրաժարվում էր։ Ինը տարի շարունակ մոլեգնեց այս ճակատամարտը։ Ճիշտ դավանություն անելով և ճիշտ աղոթք կրկնելով՝ նա հաղթեց։ Հաղթող լինելով՝ նա ավելի ուշ ներգաղթեց Իսրայել։

Սա այնքա՜ն մեծ տպավորություն թողեց ինձ վրա սատանայի գործելաոճի վերաբերյալ։ Սատանան օգտագործում է ամեն տեսակ ճնշում, ամեն դրդապատճառ և սուտ, և այս ամենը՝ մեկ նպատակի համար. որպեսզի մենք սխալ դավանություն անենք։ Մենք այնուամենայնիվ կհաղթենք նրան՝ պահպանելով ճիշտ դավանությունը։

Շնորհակալությու՛ն, Հիսու՛ս, որ դու մեր դավանության Քահանայապետն ես։ Ես հռչակում եմ, որ մենք հաղթում ենք թշնամուն՝ ճիշտ դավանությունը պահպանելով։ Ես պինդ կբռնեմ իմ դավանությունը։ Ամեն։