ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11. «ՔԱՅԼԵԼ ՊԱՏՇԱՃ ԶԳՈՒՇՈՒԹՅԱՄԲ»

Զգուշանա՛նք, որ Քրիստոսի հանգիստը մտնելուց չուշանանք

Եբրայեցիների գրքի առաջին կոչն ասում է. «Ուրեմն զգուշանա՛նք» (Եբրայեցիներին 4:1)։ Արդյոք այս արտահայտությունը մեզ համար զարմանալի կամ ոչ հաճելի՞ է։ Այսօր շատ քրիստոնյաներ վախին տեղ չեն տալիս։

Այն մարդիկ, ովքեր ինձ Տիրոջը բերեցին, հրաշալի քրիստոնյա զույգ էին, ովքեր ապրում էին Յորքշիրում՝ Անգլիայում։ Երբ Երկրորդ աշխարհամարտից հետո այցելեցի նրանց, նրանք հոգևորապես այնքան էլ լավ վիճակում չէին։ Ամուսինը հավատացած էր, որ քրիստոնեական կյանքում չպետք է տեղ տալ վախին։ Ես նշեցի, որ դա կախված է այն բանից, թե ինչպիսի վախի մասին ես դու խոսում։ Սաղմոս 19։9-ը ասում է. «Տիրոջ վախը սուրբ է. մնում է հավիտյան»։

Այս տեսակ վախը երբեք վերջ չունի։ Այս մարդը որոշել էր երբեք դեղամիջոց չօգտագործել. սա մի դիրք է, որն իր մեջ հպարտության զգացում է պարունակում։ Այս բանը ես կապեցի նրա այն վերաբերմունքի հետ, որ մերժում էր ցանկացած տեսակի վախ։ Դժբախտաբար նրա մոտ շաքարախտ առաջացավ, և նրա ոտքը պետք է անդամահատվեր։ Նա հազիվ կարողացավ դուրս գալ այն ցնցումից, որ իր հավատքը չբժշկեց իրեն։ Կարծում եմ՝ իրական խնդիրը հետևյալն էր. նա չէր հասկացել, որ վախի մի տեսակ կարևոր դեր է կատարում քրիստոնեական կյանքում։ «Զգուշանանք» բառն իր մեջ վախի իմաստ ունի, և Եբրայեցիներին թղթում նշված այդ բառն ուղղված է քրիստոնյա հավատացյալներին, այլ ոչ թե՝ անհավատներին։ Ամբողջ խոսքն ասում է. «Ուրեմն զգուշանանք. քանի դեռ Նրա հանգիստը մտնելու խոստումը մնում է, ձեզանից մեկն ուշացած չլինի»:

Յուրաքանչյուր խոստում երկու կողմ ունի։ Այն քեզ բարին է առաջարկում, սակայն եթե չյուրացնես այդ խստումը, ապա ինչ-որ բանից կզրկվես։ Քրիստոնեական կյանքում էլ նույն կերպ է։ Բարին հասանելի է, սակայն այն ձեռքից բաց թողնելու հավանականություն միշտ կա։ Հավատում եմ, որ մենք պետք է վախի այս վերաբերմունքով գանք, եթե ուզում ենք ի վիճակի լինել մտնելու Աստծո հանգիստը։

Շնորհակալությու՛ն, Տե՛ր, Քո հանգիստը մտնելու խոստման համար։ Հռչակում եմ, որ ես Աստծուն մոտենում եմ վախի պատշաճ վերաբերմունքով՝ մտնելու Նրա հանգիստը։ Ես պետք է զգուշանամ, որ Քրիստոսի հանգիստը մտնելուց չուշանամ։ Ամեն։