ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7. «ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ»

Խաղաղությու՛ն խնդրեցեք Երուսաղեմի համար. «Թող հաջողվեն քեզ սիրողները»

Ամեն օր ես աղոթում եմ Իսրայելի և Երուսաղեմի խաղաղության համար։ Հավատում եմ, որ երբ Աստվածաշունչն ասում է. «Խաղաղությու՛ն խնդրեցեք Երուսաղեմի համար» (Սաղմոս 122), ապա սա նշանակում է, որ մենք պետք է աղոթենք նաև Քրիստոսի մարմնի խաղաղության համար։ Մեզ ոչ միայն պետք է հետաքրքրի մեր փոքրիկ տարածքի կարիքները, այլ նաև՝ Քրիստոսի մարմնի բոլոր կարիքները։ Մենք ոչ թե պետք է դատենք մյուս քրիստոնյաներին, այլ պետք է աղոթենք նրանց համար։

Սաղմոս 122:7-ն ասում է. «Թող խաղաղությու՛ն լինի քո պարիսպներում, հաջողություն՝ քո պալատներում»։ Հավատում եմ, որ այս խոսքը աստվածային հերթականություն է ցույց տալիս. երբ խաղաղություն ունենանք, հաջողություն կունենանք։ Երբ պատերազմում ենք մեկս մյուսի դեմ՝ քննադատելով, միմյանց դեմ կանգնելով և ոտքի տակ փորելով, ապա մենք չենք իմանա, թե ինչ է հաջողությունը։

8-րդ խոսքն ասում է. «Իմ եբայրների և իմ ընկերների համար ասում եմ ես՝ խաղաղությու՛ն լինի քեզանում»։

Կցանկանայի ևս մեկ հիմնական սկզբունք ավելացնել։ Սատանան որքան շատ է քեզ եսակենտրոն դարձնում, այնքան ավելի շատ ես անձնատուր լինում նրա կամքին։ Չար ոգիներից ազատագրվող հարյուրավոր մարդկանց եմ հանդիպել և հայտնաբերել եմ ազատագրության կարիք ունեցող մարդկանց մեկ համընդհանուր հատկություն. նրանք եսակենտրոն են։ Մտածված ջանքով և մեր իսկ կամքի ընտրությամբ մենք պետք է բաց թողնենք եսակենտրոնությունը։

8-րդ խոսքում հետևյալ արտահայտությունն եմ սիրում. «Իմ եղբայրների և իմ ընկերների համար»։ Բավական չէ միայն այն, որ ինձ մոտ ամեն ինչ կարգին է։ Ես պետք է անհանգստանամ նաև այն կարիքների համար, որ ունեն իմ եղբայրներն ու ընկերները՝ քրիստոնյաներ՝ կյանքի այլ պատմությամբ, այլ հարանվանության, այլ աղոթքախմբերից և այլն։

Շնորհակալությու՛ն, Տե՛ր, այն օրհնության համար, որ տվել ես նրանց, ովքեր սիրում են Իսրայելը։ Ես հռչակում եմ. «Թող խաղաղությու՛ն լինի քո պարիսպներում, հաջողություն՝ քո պալատներում»։ Խաղաղություն եմ խնդրում Երուսաղեմի համար. «Թող հաջողվեն քեզ սիրողները»։ Ամեն։