ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23. «ԱՍՏԾՈ ՀԱՎԻՏԵՆԱԿԱՆ ՀԱՅՐՈՒԹՅՈՒՆԸ»

Ես որդեգրության հոգին եմ ընդունել, որով աղաղակում եմ. «Աբբա՜, Հա՛յր»

Եկե՛ք ավելի մոտիկից նայենք Հոր և Իր զավակների հարաբերությանը։ «Սրա համար իմ ծնկները ծալում եմ մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հոր առաջ, որից երկնքում ու այս երկրի վրա ամեն ազգատոհմ անուն է առնում» (Եփեսացիներին 3:14-15)։

Աստվածաշնչի անգլերեն Ջ. Բ. Ֆիլիփս թարգմանությունն այսպես է ասում վերոնշյալ խոսքը. «որից երկնքում ու այս երկրի վրա ամեն հայրություն անուն է առնում»։ Այս խոսքը զարմանահրաշ հայտնություն է պարունակում. Աստծո հայրությունը հավիտենական է, և բոլոր հայրություններն անուն են առնում երկնքում Աստծո հայրությունից, իսկ նրանց սրբությունն ու իշխանությունը սկիզբ է առնում նրանց՝ երկրի վրա Աստծո երկնային հավիտենական հայրության արտացոլանքը լինելուց։

Արարչագործությունից էլ առաջ Աստված արդեն Հայր էր՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հայրը։ Աստվածության մեջ Հայրության և Որդիության այս փոխհարաբերությունը հավիտենական է։ Նախքան արարչագործության երևան գալը Աստված հավիտենապես Հայր էր, և Քրիստոսը հավիտենապես Իր Որդին էր։ Արարչագործության մեջ ամեն հայրություն անուն է առնում Աստծո հավիտենական հայրությունից։

Հովհաննեսի ավետարանից մի հայտնի խոսքում Հիսուսն ասում է. «Իմ Հոր տանը շատ բնակարաններ կան» (Հովհաննես 14:2)։ Այս խոսքն ի հայտ է բերում այն փաստը, որ Աստված Հայր է և տուն ունի։ Սուրբ Գրքում, ինչևէ, տուն բառը երբեք չի օգտագործվում՝ պարզապես մատնանշելու ֆիզիկական, նյութական շինությունը։ Այլ այն միշտ գործածվում է որպես ընտանիք և նրա զբաղեցրած շինությունը։ Երբ Հիսուսն ասաց «իմ Հոր տանը», Նա խոսում էր Աստծո երկնային ընտանիքի մասին։ Աստված հավիտենապես Հայր է, իսկ ընտանեկան կյանքը ծնունդ է առնում հավիտենությունից՝ աստվածության ներսում հայր-որդի փոխհարաբերությունից։

Շնորհակալությու՛ն, Հա՛յր, որ ես Քո զավակն եմ։ Ես հռչակում եմ, որ Աստծո հայրությունը հավիտենական է, և ես Աստծո երկնային ընտանիքի մի մասն եմ։ Ես որդեգրության հոգին եմ ընդունել, որով աղաղակում եմ. «Աբբա՜, Հա՛յր»։ Ամեն։