ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19. «ԱՌԱՋՆՈՐԴՎԵԼ ՀՈԳՈՎ»

Ես որդեգրության հոգին եմ ընդունել, որով աղաղակում եմ. «Աբբա՜, Հա՛յր»

Կա մի հանրահայտ ուսուցում, որը համոզում է մարդկանց, թե նրանք պետք է գերհոգևոր լինեն Աստծո որդիներ համարվելու համար։ Սակայն Պողոսը հակադրվում է այս գաղափարին Հռոմեացիներին ուղղված նամակի 8-րդ գլխում, որտեղ նա գրում է, որ բոլոր նրանք, ովքեր մշտապես առաջնորդվում են Սուրբ Հոգով, իսկապես Աստծո որդիներ են։ «Որովհետև ովքեր Աստծու Հոգով են առաջնորդվում, նրանք Աստծու որդիներ են» (Հռոմեացիներին 8:14)։ Մեկ խոսքով՝ եթե դու արդեն կատարյալ ես, ապա Սուրբ Հոգու կարիքը չունես։ Բայց և այնպես դու Սուրբ Հոգու կարիքն ունես, եթե պետք է դառնաս կատարյալ։

Աստծո իրական որդու կամ դստեր ապրելակերպը մշտապես Սուրբ Հոգով առաջնորդվելն է։ Ինչպես Հիսուսն ասաց. «Իմ ոչխարներն իմ ձայնը լսում են …և իմ հետևից գալիս են» (Հովհաննես 10:27)։ «Լսում են» ասելով՝ Հիսուսն ի նկատի ուներ մշտապես լսելը, մշտապես հետևելը։ Սա այստեղ-այնտեղ շաբաթը մեկ անգամ կատարվող գործընթաց չէ, այլ այն կանոնավոր և շարունակական փոխհարաբերություն է։

Սակայն Պողոսը շարունակում է Հռոմեացիներին 8:15-ում. «Որովհետև դուք ծառայությա՛ն հոգին չընդունեցիք, որ դարձյալ վախենաք, այլ որդեգրությա՛ն Հոգին ընդունեցիք, որով աղաղակում ենք. «Աբբա՛, Հա՛յր»։ Շատ հստակ է, որ «ծառայության հոգին» օրենքն է։ Օրենքից կապված լինելու փոխարեն դուք ստացել եք Աստծո Հոգին, ով երաշխավորում է ձեր ինքնությունը՝ որպես Աստծո զավակ։ Որպես Աստծո զավակ՝ դու ունես ժառանգության բոլոր իրավունքները։ Պողոսը վստահեցնում է մեզ. «Նույն ինքը Հոգին վկայում է մեր (վերստին ծնված) հոգուն, որ մենք Աստծու որդիներ ենք, և եթե որդիներ, ապա ժառանգներ էլ (թեման ժառանգությունն է), Աստծու ժառանգներ և Քրիստոսի ժառանգակիցներ» (խոսք 16-17)։

Շատ մարդիկ Աստծո որդիներ լինելու հավաստիացումն ստանում են, միայն երբ մկրտվում են Սուրբ Հոգով։ Սուրբ Հոգին գալիս է քո մեջ, որպեսզի հավաստիացնի, որ դու Աստծո զավակն ես և օրինական իրավունք ունես քո ժառանգության հանդեպ։ Դու ոչ միայն ծնվում ես, այլև՝ որդեգրվում, իսկ վերոնշյալ խոսքը հստակորեն միացնում է որդեգրությունն ու ժառանգությունը։

Շնորհակալությու՛ն, Հա՛յր, որ ես Քո զավակն եմ։ Հռչակում եմ, որ ես Աստծո զավակ եմ՝ ժառանգության բոլոր իրավունքներով հանդերձ։ Ես որդեգրության հոգին եմ ընդունել, որով աղաղակում եմ. «Աբբա՛, Հա՛յր»։ Ամեն։