ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13. «ԳԹԱՍՐՏՈՒԹՅԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ»

Ինչպես որ հայրը գթում է իր որդիներին, այնպես էլ Աստված գթում է ինձ

Սաղմոս 84:6-ում կարդում ենք. «Արտասուքի ձորովն անցնելով՝ նրան աղբյուրի պես են դարձնում»։

Որպես Տիրոջ ճանապարհի մեջ քայլող, լեզուներով խոսացող քրիստոնյա՝ մոտ վաթսուն տարի հետո ես կերպարանափոխություն ապրեցի։ Բոլորովին մի նոր բան կատարվեց իմ ներսում. մի աղբյուր բացվեց իմ ներսում, և դա գթասրտության աղբյուր էր։ Երկար ժամանակ էր, ինչ գիտեի Աստծո սերը, սիրում էի իմ ընտանիքը, բայց այս աղբյուրը նման չէր իմ երբևէ զգացած որևէ բանի։

Այս աղբյուրը սկիզբ չէր առնում Դերեկ Պրինսից։ Ես սկսեցի հասկանալ, թե Աստվածաշունչն ինչ ի նկատի ունի, երբ ասում է, որ Հիսուսը «գթաց» (տե՛ս, օրինակ, Մատթես 9:36, Մարկոս 1:41): Ես հասկացա, որ Աստված ինձ մասնակից է անում Իր գթասրտությանը, և աղոթեցի. «Տե՛ր, թող այս աղբյուրը երբեք չաղտոտվի կամ չապականվի, և թող այն երբեք չդադարի»։

Միայն Աստված էր որոշողը, թե երբ այն սկսի բխել։ Եվ երբ գթասրտության այդ աղբյուրը հոսում է իմ մեջ, այն մարդկանց դեպի ինձ է գրավում։ Նրանք չգիտեն, թե ինչու են դեպի ինձ ձգտում, բայց նրանք մի բան են զգում, որին փափագել են։ Ես կարծում եմ, որ Աստված սպասում է մեզանից, որ միմյանց Իր աստվածային սիրով սիրենք։

Աստված իմ մեջ ևս մեկ բան է արել։ Աստված ինձ գերբնական հոգս է տվել որբերի, այրիների, աղքատների և ճնշվածների համար։ Մենք կարող ենք խոսել հավատքի և արդարության մասին, սակայն եթե մենք ոչինչ չենք անում այն մարդկանց համար, ովքեր իսկապես մեր կարիքն ունեն, այս խոսքերը փուչ են և անիմաստ։ Երբեք մեր կարիքն ունեցող մարդկանց պակասություն չի լինում։ Նրանք մեր շուրջբոլորն են. սիրված լինելու կարիք ունեցող մարդիկ ամենուր կան։ Նրանք միայնակ են, ոչ ոք նրանց մասին չի հոգում. նրանք պատասխաններ չունեն և հուսալքված են։ Հարկ չկա, որ քո տնից շատ հեռու գնաս նման մարդկանց գտնելու համար։ Գթասրտությունն Աստծո նպատակն է։ Դա այն է, ինչ Նա ուզում է տեսնել մեր մեջ դրսևորվելիս։

Շնորհակալույու՛ն, Տե՛ր, որ Դու մեծապես հոգում ես։ Ես հռչակում եմ իմ փափագն առ այն, որ Աստծո գթասրտության աղբյուրը հոսի իմ մեջ և իմ միջոցով դեպի ինձ շրջապատող այն մարդկանց, ովքեր կարիքավոր և հուսալքված են։ Ինչպես որ հայրը գթում է իր որդիներին, այնպես էլ Աստված գթում է ինձ։ Ամեն։