ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5. «ՀԻՍՈՒՍԻ ԳԵՐԲՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆԸ»

Իմ Հայրը գիտի, թե ինչի կարիք ունեմ, նույնիսկ նախքան ես կխնդրեմ Նրանից

Աստծո գերբնական գիտությունն ու իմաստությունը դրսևորվեց Հիսուսի երկրային ծառայության ամբողջ ընթացքում, բայց հավանաբար ամենից հստակը Հուդա Իսկարիովտացու հետ Նրա հարաբերությունն էր։ Երբ աշակերտները Հիսուսին ասացին. «Մենք հավատացինք ու ճանաչեցինք, որ դու ես Քրիստոսը՝ կենդանի Աստծու Որդին» (Մատթեոս 6:69), Հիսուսն իր պատասխանի մեջ նրանց հայտնեց, որ իր Մեսիա լինելը կհանգեցնի նրան, որ իր իսկ հետևորդներից մեկը կմատնի իրեն։«Չէ՞ որ ես ձեզ՝ տասներկուսիդ ընտրեցի։ Եվ ձեզանից մեկը սատանա»։ Եվ դա Սիմոնի որդի Հուդա Իսկարիովտացու մասին էր խոսում, որովհետև սա ուզում էր մատնել նրան, և ինքը տասներկուսից մեկն էր» (Հովհաննես 6:70-71)։ Հիսուսը Սուրբ Հոգով գիտեր, որ Հուդան կմատնի իրեն, նույնիսկ երբ Հուդան ինքը դեռ չգիտեր այդ մասին։

Նույնիսկ այս դեպքում Հուդան չկարողացավ իրականացնել իր ծրագիրը, մինչև Հիսուսը խոսքով արձակեց նրան այդ անելու։ Վերջին ընթրիքի ժամանակ Հիսուսը նախազգուշացրեց իր աշակերտներին. «Ձեզանից մեկն ինձ մատնելու է» (Հովհաննես 13:21)։ Երբ հարցրին, թե ով է մատնիչը, Հիսուսը պատասխանեց.

«Նա է, ում պատառը ես կթրջեմ ու կտամ նրան»։ Եվ պատառը թրջեց ու տվեց Սիմոնի որդի Հուդա Իսկարիովտացուն։ Պատառից հետո սատանան նրա մեջ մտավ, և Հիսուսը նրան ասաց.«Ինչ որ անում ես, շու՛տ արա»։ …Եւ սա, երբ պատառը վերցրեց, իսկույն դուրս գնաց, և գիշեր էր»։

Հովհաննես 13:26-27, 30

Ես սոսկացի, երբ հասկացա, որ Հուդան չէր կարող Հիսուսին մատնելու իր ծրագիրն իրականացնել, մինչև Հիսուսն ինքը նրան խոսքով չարձակեց այդ անելու։ Այս ամբողջ տեսարանում ոչ թե մատնիչը, այլ Մատնվողն էր վերահսկում ամեն ինչ։

Շնորհակալությու՛ն, Հա՛յր, որ Դու ինձ գիտես ամբողջովին։ Ես հռչակում եմ, որ Հիսուսը դրսևորեց ամենագետ Աստծո գերբնական գիտությունն ու իմաստությունը։ Իմ Հայրը գիտի, թե ինչի կարիք ունեմ, նույնիսկ նախքան ես կխնդրեմ Նրանից։ Ամեն։