ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2. «Ի՞ՆՉ Է ԱՐԵԼ ԱՍՏՎԱԾ»

Իմ Հայրը սիրով նախասահմանեց ինձ որդեգրվելու որպես Իր որդի և դուստր

Երբ Հիսուսը մահացավ խաչի վրա, տաճարի վարագույրը, որը սուրբ Աստծուն բաժանում էր մեղավոր մարդուց, երկու կես եղավ՝ ի հռչակումն այն բանի, որ մենք ընդունելի ենք Նրա կողմից։(Տե՛ս, օրինակ, Մատթեոս 27:51)։ Այն վերից վար պատռվեց, որպեսզի ոչ ոք երբեք դրա մեջ մարդուն չմեղադրի։ Այս գործն Աստված արեց։ Պատռված վարագույրը Աստծու հրավերն է յուրաքանչյուր մարդուն, ով հավատում է Հիսուս Քրիստոսին. «Նե՛րս արի, Ես ողջունում եմ քեզ։ Իմ Որդին կրեց քո մերժվածությունը, որպեսզի ես առաջարկեմ քեզ Իմ ընդունելությունը»․

«Օրհնյալ է Աստված և մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հայրը, որ մեզ Քրիստոսով օրհնեց ամեն հոգևոր օրհնություններով երկնքում, ինչպես որ մեզ նրանով ընտրեց աշխարհն ստեղծելուց առաջ։

Եփեսացիներին 1:3-4

Նկատե՛ք, որ այս նախնական ընտրությունը մերը չէր, այլ՝ Աստծունը։ Մի՛ կարծիր, որ, եթե փրկված ես, ապա դու ես ընտրել փրկված լինելը։ Դու փրկված ես, որովհետև Աստված ընտրեց քեզ, իսկ դու արձագանքեցիր Նրա ընտրությանը։ Դու գուցե փոխես քո միտքը, սակայն Աստված երբեք չի մտափոխվում։

Ավետարանի ժամանակակից մատուցման մեջ բազմաթիվ սխալ տեղադրված շեշտադրումներ կան, որոնք կարծես մատնանշում են, որ այն ամենը, ինչ անում ենք, մեզանից է կախված։ Ճիշտ է, մենք պետք է ընտրություն կատարենք, բայց մենք երբեք չէինք կարողանա ընրել, եթե առաջինն Աստված մեզ չընտրեր։ Դու կհայտնաբերես, որ, որպես քրիստոնյա, դու շատ ավելի ապահով ես, երբ Աստծո հետ քո հարաբերության հիմքը լինի ոչ թե այն, ինչ դու ես անում, այլ այն, ինչ Աստված է արել։ Աստված ավելի՛ հուսալի է, քան ես և դու։

Շնորհակալությու՛ն, Հա՛յր, որ ես քո զավակն եմ։ Ես հռչակում եմ, որ ես Աստծո զավակն եմ՝ հիմնվելով ոչ թե նրա վրա, ինչ եմ եմ անում, այլ նրա վրա՝ ինչ Աստված է արել։ Իմ Հայրը սիրով նախասահմանեց ինձ որդեգրվելու որպես Իր որդի և դուստր։ Ամեն։