ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1. «ԱՍՏՎԱԾ ՆԱԽԱՊԵՍ ԸՆՏՐԵՑ»

Իմ Հայրը սիրով նախասահմանեց ինձ որդեգրվելու որպես Իր որդի և դուստր

«Օրհնյալ է Աստված և մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հայրը, որ մեզ Քրիստոսով օրհնեց ամեն հոգևոր օրհնություններով երկնքում, ինչպես որ մեզ նրանով ընտրեց աշխարհն ստեղծելուց առաջ»։

Եփեսացիներին 1:3-4

Աստված նախապես ճանաչեց մեզ և նախապես գիտենալով՝ ընտրեց մեզ։ Դու քո ընտրությամբ չես այնտեղ, որտեղ գտնվում ես. քո որտեղ և ով լինելը Աստծո ընտրությունն է։ Այս ճշմարտությունը անսահման մեծ փոփոխություն է բերում քո վերաբերմունքի մեջ հանդեպ ինքդ քեզ և քո տեղանքի, որոնցից երկուսն էլ Աստծո նախաձեռնությունն է։ Ոչ թե դու ընթացք տվեցիր քո իսկ կյանքին, այլ՝ Աստված։

Աստված ոչ միայն նախապես ճանաչեց մեզ, այլ նաև նախասահմանեց։ Որոշ մարդիկ վախենում են նախասահմանել բառից և դրա նշանակությունից։ Ցանկանում եմ քեզ հուշել, որ այն լոկ նշանակում է, որ Աստված նախապես կարգավորեց մեր կյանքի ընթացքը։ Ինչպես Պողոսն է հաստատում Հռոմեացիներին 8:29-ում. «Որովհետև նրանց, ում առաջուց ճանաչեց, առաջուց էլ սահմանեց»։ Նա այս ամենը նախօրոք կատարեց։

Այնուհետև, Եփեսացիներին 1:11-ում Պողոսը գրեց.

«Նրանով (Քրիստոսով) մենք էլ ժառանգությունն ստացանք՝ առաջուց որոշված լինելով, որ ամեն բան հաջողում է իր կամքի խորհուրդների համաձայն»։

Այս համոզմունքը պետք է ապահովություն տա քեզ։ Դու նախասահմանված ես. քո կյանքի ընթացքը նախապես կարգավորվել է այն Մեկի կողմից, ով ամեն բան հաջողում է այնպես, ինչպես ծրագրել է։ Նա ամեն բան հաջողում է Իր կամքի խորհուրդների համաձայն։

Շնորհակալությու՛ն, Հա՛յր, որ ես Քո զավակն եմ։ Ես հռչակում եմ, որ իմ կյանքի ընթացքը նախապես կարգավորվել է այն Մեկի կողմից, ով ամեն բան հաջողում է Իր կամքի համաձայն։ Իմ Հայրը սիրով նախասահմանեց ինձ որդեգրվելու որպես Իր որդի և դուստր։ Ամեն։