ՕԳՈՍՏՈՍԻ 23. «ՆՈՐՈԳՎԵԼԸ»
Մեր հին մարդը մեռավ Քրիստոսի մեջ, որ նոր մարդը կենդանի լինի մեր մեջ
Հիսուսը մարմնի մեջ սքողված Աստված էր։ Երբ Հիսուսի մամինը խոցվեց ու պատառոտվեց խաչի վրա, այդ քողը զատվեց:
Ներկա ժամանակաշրջանում Քրիստոսը հայտնի է դառնում հավատացյալի մեջ. նա ապրում է հավատացյալի մեջ, բայց դեռևս սքողված է մարմնում։ Կողոսացիների թուղթը այս ճշմարտության մեկ այլ կողմն է ներկայացնում։ Խոսելով նոր մարդու մասին, այսինքն, թե ով ենք մենք Քրիստոսի մեջ՝ նոր ցեղի անդամներ, Պողոսն ասում է.
«Իրար հետ սուտ մի՛ խոսեք. հանեցե՛ք հին մարդուն իր գործերով և նոր մարդու՛ն հագեք, որ գիտությամբ նորոգված է իրեն ստեղծողի պատկերի պես»։
Կողոսացիներին 3:9-10
Ես նախընտրում եմ ավելի բառացի թարգմանությունը. «որ … նորոգվում է»։ Նորոգումը շարունակական գործընթաց է, որը տեղի է ունենում ներկայում։ Նորոգվելու համար մենք գործընթաց ենք անցնում։
Հետո բառացիորեն այն ասում է. «իրեն ստեղծողի ճանաչողությամբ»։ Սա ոչ թե Նրան միայն մտքով գիտենալն է, այլ մեր կյանքի ամեն մի բնագավառում Նրան ճանաչելը, որը Նրա պատկերը կբերի մեզ վրա։
Նորոգման վերջնական նպատակը այն է, որ մենք Նրա պատկերը վերարտադրենք։ Հավատում եմ, որ այս ձևափոխությունը միանգամայն թույլատրելի է։ Եկե՛ք կրկնենք այն. «նորոգվում է ստեղծողի ճանաչողությամբ, որպեսզի վերարտադրի Նրա պատկերը»։ Այլ կերպ ասած՝ վերջնական նպատակը վերականգնելն է այն պատկերը, որն աղավաղվեց անկման արդյունքում։ Այս նպատակի վախճանը, իհա՛րկե, կգա հարության ժամանակ, երբ հավատացյալի մարմինն անգամ կփոխակերպվի Քրիստոսի հարուցյալ մարմնի նմանությամբ։
Շնորհակալությու՛ն, Հիսու՛ս, խաչի վրա կատարած փոխանակման համար։ Ես հռչակում եմ, որ նորոգվում եմ Նրա պատկերով, ով ստեղծեց ինձ։ Ես հռչակում եմ, որ իմ հին մարդը մեռավ Քրիստոսի մեջ, որ նոր մարդը կենդանի լինի իմ մեջ։ Ամեն։