ԱՀԱ ԹԵ ՈՐՔԱՆ Է ՁԵՐ ԱՐԺԵՔԸ
(«Ինչպես գտնել քո տեղը» վիդեո ուսուցումից)
«…Աստված փրկեց մեզ և կանչեց մեզ սուրբ կոչումով, ոչ թե մեր գործերի համաձայն, այլ իր նպատակի և շնորհի համաձայն, որը տրվեց մեզ Քրիստոս Հիսուսով ժամանակի սկզբից առաջ»:
1-ին Տիմոթեոսին 1:9
Եթե դուք պարզապես սկսեք ըմբռնել սա, այն ձեզ կարևոր լինելու զգացում կպարգևի: Ոչ այն նպատակով, որ դառնաք ինքնահավան, այլ որ գիտակցեք, թե դուք մի ահռելի ծրագրի մասն եք, որն Աստված նախատեսել էր նախքան ինչ-որ բան ստեղծելը: Այսօր աշխարհում մարդկանց հետ կապված ամենամեծ խնդիրներից մեկը ցածր ինքնագնահատականն է: Նրանք չեն կարծում, որ արժեքավոր են: Եվ ես պետք է ասեմ, որ ցածր ինքնագնահատական ունեցող մարդը դժվար թե կյանքից լավագույնը ստանա Եվ ես կարծում եմ, որ քրիստոնյան երբեք չպետք է ունենա այդ խնդիրը: Թույլ տվեք սա բացատրել երկու կետով. նախ, այն, ինչ արդեն ասացի. եթե դուք քրիստոնյա եք, դուք հավերժական ծրագրի մի մասն եք: Դուք հատուկ գործ ունեք, հատուկ կոչում, որը ոչ ոք չունի: Դուք ունեք այնպիսի պատասխանատվություն, որը ոչ ոք չի կարող կրել։
Եվ հետո, երկրորդը, դուք գիտե՞ք, թե ինչպես պարզել ձեր իրական արժեքը: Ես կասեմ քեզ. հենց հիմա ես ու կինս տան վաճառքի գործարքի մեջ ենք։ Երբ գնեցինք մեր տունը, այն արժեր 55.000 ԱՄՆ դոլար։ Երբ փորձեցինք վաճառել այն, պարզեցինք, որ ոչ ոք դրա համար չի վճարի 55.000 ԱՄՆ դոլար։ Մենք անգամ ուրախ կլինեինք, եթե այն վաճառեիքն 50.000-ով: Հիմա ի՞նչ արժե տունը։ Արժե այնքան, որքան ինչ-որ մեկը դրա համար կվճարի: Դուք կարող եք ցանկացած գնապիտակ դնել այն բանի վրա, ինչը ցանկանում եք վաճառել, բայց այն կարժենա այնքան, որքան ինչ-որ մեկը կվճարի, ոչ ավելին:
Այժմ դուք արժեք այնքան, որքան Աստված պատրաստ էր վճարել ձեզ համար: Որքա՞ն է Նա վճարել ձեզ համար: Նա ձեզ ինչպե՞ս փրկեց։ Հիսուս Քրիստոսի թանկագին արյամբ, մի բան, որն անսահման արժեքավոր է, մի բան, որն անգին է: Եվ եթե դուք կարողանաք ըմբռնել այդ փաստը, որ Աստված պատրաստ էր վճարել Իր Որդու արյամբ ձեզ փրկագնելու համար, դուք այլևս երբեք խնդիր չեք ունենա սեփական արժեքի հետ, քանի որ դուք արժեք այնքան, որքան Աստված պատրաստ էր վճարել ձեզ համար: Հասկանո՞ւմ եք սա։
Համոզված եմ, որ դուք այս ճշմարտությունը լրիվ չեք ըմբռնել, քանի որ նայում եմ ձեր դեմքերին, և դուք մի տեսակ զարմացած հայացք ունեք։ Դե՛, փորձեք մարսել սա։ Փորձեք կլանել այն: Մտածե՛ք դրա շուրջ։ Կարդացե՛ք այն կրկին ու կրկին, մինչև այն իրական դառնա ձեզ համար: Տեսնո՞ւմ եք, Աստծու խոսքը հայելի է: Եվ եթե ուզում եք իմանալ, թե իրականում ինչպիսին եք դուք ներքուստ, պետք է նայեք հայելուն: Առաջին անգամ հայելու մեջ նայելը սարսափելի է։ Դուք հայտնաբերում եք, որ մեղավոր եք, դուք ապականված եք, ձեր հագուստները սարսափելի անմաքուր են: Բայց եթե դուք իմաստուն եք և գործում եք այնպես, ինչպես Աստված ցույց է տալիս ձեզ, ապա ապաշխարում եք և վստահում եք Հիսուսին փրկության համար, այդ ժամանակ դուք մաքրվում եք, լվացվում եք, դու սրբագործվում եք:
Աստված վերցնում է ձեր կեղտոտ հագուստները և ձեզ փրկության հանդերձներ հագցնում և արդարության պատմուճան գցում ձեզ վրա: Եվ հաջորդ անգամ, երբ նայում եք հայելու մեջ, զարմանում եք: Դուք երբեք չեք տեսնի այդ զառամյալին, դուք տեսնում եք մեկին, ով միանգամայն տարբեր է: Դուք փոխված եք, կերպարանափոխված՝ կրելով փրկության հանդերձները և արդարության անբիծ պատմուճանը։ Բայց դա միայն սկիզբն է, քանի որ Աստված մտադիր է շարունակել փոխել ձեզ:
Մի պահ դիտարկենք 2֊րդ Կորնթացիներին 3։18-ը.
«Սակայն մենք բոլորս, բաց երեսով Տիրոջ փառքը ինչպես հայելու մեջ տեսնելով…»
Ո՞րն է հայելին. Աստծու խոսքը.
«… նույն պատկերով կերպարանափոխվում ենք փառքի մի աստիճանից դեպի մյուսը՝ առաջնորդվելով Տիրոջ կողմից, որ է Հոգին»։
Տեսնո՞ւմ եք, եթե ցանկանում եք, որ Տիրոջ Հոգին փոխակերպի ձեզ, դուք պետք է շարունակեք նայել հայելու մեջ: Եթե ձեր հայացքը հեռացնեք հայելուց, Աստծո Հոգին այլևս չի գործի ձեզ վրա: Նա աշխատում է ձեզ վրա միայն այն ժամանակ, երբ դուք նայում եք հայելուն: Բայց եթե շարունակեք նայել հայելու մեջ և տեղ տալ Աստծու Հոգուն, կտեսնեք փառքը: Դա նախատեսված է ձեզ համար: Եվ դուք կտեսնեք, որ դա հրաշալի է: Հաջորդ անգամ, երբ նայեք, դուք փառքից փառք կտեղափոխվեք:
Դա զարգացող ընթացք է, հասկանու՞մ եք։
Քրիստոնյաների մեծ մասի խնդիրն այն է, որ նրանք բավականաչափ ժամանակ չեն ծախսում հայելու մեջ նայելու համար: Նրանք շատ ժամանակ են ծախսում ֆիզիկական հայելու մեջ նայելով և միշտ չէ, որ բավարարվում են իրենց տեսածով: Բայց նրանք ժամանակ չեն ծախսում հոգևոր հայելու մեջ նայելու համար, ինչը կարող է շատ օրհնաբեր լինել, եթե դուք հնազանդվեք Աստծու Հոգուն:
Եվ իսկապես, այս առումով սահմաններ չկան։ Մենք անընդհատ փոխակերպվում ենք փառքից փառք, փառքից փառք: Սա շարունակական ընթացք է։