ՕԳՈՍՏՈՍԻ 5. «ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ՄԵՐ ՀՈՐ ՀԵՏ»

Ես որդեգրվել եմ որպես Աստծո զավակ

Հովհաննես 17-րդ գլխի վերջին երկու խոսքերում գտնում ենք Հիսուսի վերջնական ուղերձն իր աշակերտներին նախքան նրա չարչարվելն ու խաչի վրա մահանալը։ Հավատում եմ, որ այս երկու խոսքերը ամբողջ ավետարանի նպատակի գագաթնակետն է։ Ահա Հիսուսի աղոթքից մի հատված.

«Արդա՛ր Հայր, աշխարհը չճանաչեց քեզ, բայց ես ճանաչեցի քեզ, և սրանք (աշակերտները) իմացան, որ դու ուղարկեցիր ինձ։ Եվ ես քո անունը նրանց ճանաչել տվեցի։

Հովհաննես 17:25-26

Այն անունը, որ Հիսուսը հայտնեց, Հայր անունն էր։ Հին Կտակարանում Հայր բառը որպես Աստծո անուն շատ քիչ է գործածված։ Միակ անձնավորությունը, ով կարողացավ ամբողջությամբ հայտնել Հորը, Որդին էր։ Ապա Հիսուսն ասաց.

«Եվ Ես քո անունը նրանց ճանաչել տվեցի ու ճանաչել կտամ, որպեսզի այն սերը, որով ինձ սիրեցիր, նրանց մեջ լինի, ես էլ՝ նրանց մեջ»։

խոսք 26

Ավետարանի գերագույն նպատակը Աստծո հետ այն սիրո հարաբերությունն է, որով Աստված սիրում է մեզ ճիշտ նույն կերպ, ինչպես Նա սիրեց Հիսուսին և շարունակ սիրում է, և որպեսզի մենք էլ սիրենք Աստծուն ճիշտ այնպես, ինչպես Հիսուսն է սիրում Նրան։ Սա է նպատակը. մեզ բերել Աստծո ընտանիքի մեջ, բերել Աստծո՝ որպես Հոր հետ հարաբերության մեջ, որը հենց այն հարաբերությունն է, ինչ Հիսուսն ունի Նրա հետ։ Սա մեզ ի վիճակի է դարձնում սիրել Աստծուն այն նույն սիրով, որով Հիսուսն է սիրում Նրան։ Դու չես կարող ավելին խնդրել։ Այն անհնար է պատկերացնել։ Մեր մարդկային մտքերից վեր է ըմբռնել, թե ինչի է այն հանգեցնում։ Բայց սա է նպատակը՝ գերագույն նպատակը։ Մնացած ամեն բան երկրորդական է։

Շնորհակալությու՛ն, Տե՛ր, որ ինձ ընտրեցիր սիրով։ Ես հռչակում եմ, որ իմ գերագույն նպատակն այն է, որ սիրո հարաբերության մեջ մտնեմ Աստծո հետ՝ որպես իմ Հայր, քանի որ ես որդեգրվել եմ որպես Աստծո զավակ։ Ամեն։