ՕԳՈՍՏՈՍԻ 2. «ԶԱՎԱԿՆԵՐ ԵՎ ԺԱՌԱՆԳԱԿԻՑՆԵՐ»

Ես որդեգրվել եմ որպես Աստծո զավակ

Հռոմեացիներին 8:15-17-ում Պողոսը գրում է քրիստոնյաներին, թե Քրիստոսի մեջ ունեցած իրենց հավատքով ինչ է հասանելի նրանց։

«Որովհետև դուք ծառայության հոգին չընդունեցիք, որ դարձյալ վախենաք, այլ որդեգրության հոգին ընդունեցիք, որով աղաղակում ենք. «Աբբա՛, Հա՛յր»։ Նույն ինքը՝ Հոգին, վկայում է մեր հոգուն, որ մենք Աստծու որդիներ ենք։ Եվ եթե որդիներ, ապա՝ ժառանգներ էլ, Աստծու ժառանգներ և Քրիստոսի ժառանգակիցներ, որպեսզի եթե նրա չարչարանքներին կցորդ ենք, փառքին էլ մասնակից լինենք»։

«Աբբա» բառը արամեերեն կամ եբրայերեն համարժեքն է հայերեն «պապա» բառի։ Այսպիսով, մենք այստեղ մտերմության փոխհարաբերություն ենք տեսնում Հայր Աստծո հետ, ում «պապա» ենք դիմում։ Աստծո Հոգին ինքն է մեզ տալիս այդպես վարվելու վստահությունն ու համոզմունքը։

Աստվածաշունչն ասում է մեզ, որ մենք Աստծո զավակներն ենք, իսկ Աստծո Հոգին ամրապնդում է այդ ճշմարտությունը անձնապես յուրաքանչյուրիս համար, մեր սրտերի մեջ։ Մենք Աստծո զավակներն ենք։ Իսկ երբ զավակ ենք դառնում, մենք նաև ժառանգորդ ենք դառնում։ Մենք դառնում ենք Աստծո ժառանգներն ու Քրիստոսի ժառանգակիցները։ Իհարկե, մեկ պայման կա. եթե կամենում ենք մասնակից լինել նրա չարչարանքներին։ Եթե մասնակից ենք ժառանգությանը, ապա մասնակից ենք նաև չարչարանքին։ Հիշե՛ք՝ մարգարիտը նեղության և ճնշման արդյունք է։

Կարևոր է հասկանալ, թե ինչ է նշանակում ժառանգակից լինել։ Այն չի նշանակում, որ ամբողջ ժառանգությունից ամեն մեկս մի փոքրիկ մասնիկ ենք ստանում։ Այլ այն նշանակում է, որ Հիսուսը՝ որպես Աստծո առաջնեկ, ունի ամբողջ ժառանգությունը, և մենք նույնպես նրա հետ բաժնեկից ենք ամբողջ ժառանգությանը։ Մեզանից յուրաքանչյուրն իրավունք ունի այն ամբողջ ժառանգության վրա, որը Հիսուսի ժառանգությունն է։ Աստծո արքայության օրենքը բաժնեկցելն է։ Ամեն մեկս չենք խլում մեր բաժինը, այլ բոլորս միասին բաժնեկից ենք այն ամենին, ինչ Հայր Աստված ունի, ինչպես նաև այն ամենին, ինչ Քրիստոս Որդին ունի։

Շնորհակալությու՛ն, Տե՛ր, որ ինձ ընտրեցիր սիրով։ Ես հռչակում եմ, որ Աստծո զավակն եմ և Քրիստոսի ժառանգակիցը։ Ես որդեգրվել եմ որպես Աստծո զավակ։ Ամեն։