ՀՈՒԼԻՍԻ 31. «ՆՐԱ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ»
Ես որդեգրվել եմ որպես Աստծո զավակ
«Օրհնյալ է Աստված և մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հայրը, որ մեզ Քրիստոսով օրհնեց ամեն հոգևոր օրհնություններով երկնքում։ Ինչպես որ մեզ նրանով ընտրեց աշխարհն ստեղծելուց առաջ, որպեսզի մենք սուրբ և անարատ լինենք Նրա առաջ սիրով։ Մեզ առաջուց սահմանեց, որ Հիսուս Քրիստոսի միջոցով Իրեն որդեգիր լինենք՝ Իր կամքի հաճությամբ, Իր փառավոր շնորհի գովության համար, որ Նրանով մեզ շնորհ ցույց տվեց այն Սիրելիով»։
Եփեսացիներին 1:3-6
Պողոսն այստեղ բացատրում է, թե որն էր Աստծո հավիտենական նպատակն անգամ արարչագործությունից առաջ. այն, որ մենք դառնանք Նրա զավակները՝ որդիներն ու դուստրերը։ Սրան հասնելու միակ ճանապարհը խաչի վրա մեր փոխարեն Հիսուսի մահվան միջոցով էր։ Երբ Հիսուսը կրեց մեր մեղքերն ու տարավ մեր մերժվածությունը, նա դուռ բացեց մեր ընունելության համար։ Միայն այդ ընթացքում նա կորցրեց Աստծո Որդու իր կարգավիճակը, որպեսզի մենք ստանանք այդ նույն կարգավիճակը՝ որպես Աստծո որդիներ ու դուստրեր։
Ես սիրում եմ 6-րդ խոսքը. « Իր փառավոր շնորհի գովության համար, որ նրանով մեզ շնորհ ցույց տվեց այն Սիրելիով»։ Այն բառը, որը թարգմանված է «շնորհ ցույց տվեց», շատ զորավոր բառ է։ Կույս Մարիամին ողջունելիս հրեշտակը նույն բառն է գործածում. «Ո՛վ շնորհընկալ» (Ղուկաս 1:28)։ Այն նշանակում է, որ մենք դարձել ենք Աստծո հատուկ շնորհընկալության առանցքը։ Անգլերեն թարգմանության մեջ ասվում է, որ Աստված «մեզ ընդունելի դարձրեց այն Սիրելիով» (Եփեսացիներին 1:6)։
Դու պետք է գիտակցես, որ Հիսուսը կրեց քո մեղքն ու մերժվածությունը, որպեսզի դու ունենաս Աստծո ընդունելությունը՝ որպես Նրա զավակներից մեկը։
Շնորհակալությու՛ն, Տե՛ր, որ ընտրեցիր ինձ սիրով։ Ես հռչակում եմ, որ Հիսուսը կրեց իմ մերժվածությունը, որպեսզի ես ունենամ իր ընդունելությունը։ Ես որդեգրվել եմ որպես Աստծո զավակ։ Ամեն։