ՄԱՐՏԻ 24
«ԽՈՆԱՐՀՎԱԾ ՄԱՐՄԻՆ»
Իմ մարմինը Տիրոջ համար է, և Տերը իմ մարմնի համար։

Երբ մարդն ապստամբեց Աստծո դեմ, նրա ողջ անհատականությունը վնասվեց։ Այս վիճակն Աստվածաշունչը նկարագրում է մեկ բառով` քայքայում։ Մարդկային անհատականության բոլոր ոլորտները՝ հոգևոր, բարոյական և ֆիզիկական, վնասվեցին։ Ֆիզիկական քայքայվածության վերջը մահն է։ Պողոսն ասաց. «Սրա համար, ինչպես որ մեկ մարդու միջոցով մեղքն աշխարհ մտավ, այդ մեղքով էլ՝ մահը, և այդպես էլ մահը բոլոր մարդկանց վրա տարածվեց, որովհետև բոլորը մեղանչեցին» (Հռոմեացիներին 5:12)։ Մեղքի միջոցով քայքայիչ թույնը ներգործեց մեր մեջ։ 1-ին Կորնթացիներին 15։56-ն ասում է մեզ. «Մահվան խայթոցը մեղքն է»։ Ճիշտ այնպես, ինչպես մեղուն կամ իշամեղուն ներարկում է իր թույնը խայթոցով, նմանապես էլ սատանան մահվան և քայքայման իր թույնն է ներարկում մեղքի խայթոցի միջոցով։

Մենք բոլորս դարձանք քայքայված արարածներ։ Փիլիպպեցիներին 3:21-ում Պողոսը մեր ներկա մարմիններն անվանում է խոնարհ մարմին։ Մենք խոնարհված վիճակում ենք, նվաստացած, որովհետև ապստամբեցինք մեր Արարչի դեմ։ Կապ չունի, թե որքան բարետես, առողջ, ուժեղ, հարուստ կամ հանրահայտ ենք, մենք ապրում ենք նվաստ մարմինների մեջ։ Կարող ենք ուտել ամենահրաշալի կերակուրները և խմել ամենահամեղ ըմպելիքները, սակայն այնուամենայնիվ, կարիք ունենք զուգարան գնալու։ Մենք կարող ենք ուժեղ և առողջ լինել, սակայն երբ շոգում ենք, սկսում ենք քրտնել։ Լինենք հարուստ, թե աղքատ, մենք բոլորս էլ քրտնում ենք։ Մեր մարմնի մեջ եղած այս գործառույթը հիշեցնում է մեզ, որ մենք բոլորս էլ ապստամբներ և հանցագործներ ենք, և մեր մարմինները որպես հետևանք ենթակա են քայքայման։

Ես հինգ տարի եմ անցկացրել՝ վերապատրաստելով աֆրիկացի ուսուցիչներին և ես հետաքրքրված էի նրանց ատլետիկ հնարավորություննրով։ Ես այդ երիտասարդ և ուժեղ տղաներին ասում էի. «Պարզապես հիշեք, որ ընդամենը մեկ փոքրիկ թունավոր մոծակը կարող է ձեր մարմինները վերածել ջերմից ցնցվող մի զանգվածի»։ Սա մեր նվաստ մարմինն է։ Բարի լուրն այն է, որ Հիսուսը մահացել է մեզ փրկագնելու համար և ոչ միայն սոսկ մեր հոգիները։ Նա փրկագնեց ողջ մարդուն՝ մարմինը, շունչը և հոգին։

Շնորհակալությու՛ն, Տե՛ր, իմ մարմնի հանդեպ տածած հոգատարության համար։ Ես հռչակում եմ, որ Հիսուսը մահացել է՝ ինձ ամբողջովին փրկագնելու համար։ Այդ պատճառով իմ մարմինը Տիրոջ համար է, և Տերը՝ իմ մարմնի համար։ Ամեն։