ՀՈՒԼԻՍԻ 29. «ՀՆԱԶԱՆԴՈՒԹՅՈՒՆ ԱՍՏԾՈՒՆ՝ ՇՆՈՐՀՔԻ ՆԵՐՔՈ»

Ես սուրբ եմ

Ո՞րն է տարբերությունը Աստծուն օրենքի տակ հնազանդվելու և Աստծուն շնորհքի տակ հնազանդվելու միջև։ Այս երկուսի վերջնական նպատակը Աստծուն հնազանդվելն է։ Սակայն այս հնազանդությունը տարբեր կերպերով է իրագործվում։ Իմաստը պարզեցնելու համար եկե՛ք անդրադառնանք մի հասարակ պատվիրանի, որը տրված է և՛ Հին Կտակարանում՝ Մովսեսի օրենքի ներքո, և՛ Նոր Կտակարանում՝ թղթերից մեկում։ Նույն բառերն են օգտագործված, և դրանք գործում են անկախ նրանից՝ մենք շնորհքի թե օրենքի տակ ենք։

Հին Կտակարանում Աստված Մովսեսի միջոցով խոսեց Իսրայելի հետ և ասաց. «Որովհետև Ես եմ Եհովան, որ ձեզ Եգիպտոսի երկրից հանեցի, որ ձեզ համար Աստված լինեմ, և դուք սուրբ լինեք, որովհետև Ես սուրբ եմ» (Ղեվտացիներին 11:45)։ Համատեքստում «սուրբ լինել» նշանակում է պահել մի շարք խիստ բարդ կանոններ, որոնք մանրամասնորեն նկարագրված են Ղևտացիների ամբողջ գրքում։ Այս դեպքում սրբության կարելի էր հասնել օրինականության մեթոդով. «Արա՛ այս։ Մի՛ արա այդ»։

Նոր Կտակարանի հատվածն ուղղված է այն քրիստոնյաներին, ովքեր ընդունել են իրենց համար կատարված Հիսուսի փրկագնումը. «Հնազանդ զավակների պես, չնմանվելով ձեր այն տգիտության ժամանակի առաջին ցանկություններին։ Այլ դուք էլ ձեր ամբողջ վարմունքի մեջ ձեզ կանչող Սրբի պես սու՛րբ եղեք, քանի որ գրված է. «Սու՛րբ եղեք, որովհետև ես սուրբ եմ»» (1-ին Պետրոս 1:14-16)։ Մեջբերումը վերցված է Ղևտացիների գրքից, ուրեմն մի՞թե սա նշանակում է, որ Պետրոսը մեզ ասում էր, թե պետք է հետևենք կենդանիների զոհաբերության, բորբոսների և մարմնային հեղուկների վերաբերյալ Հին Կտակարանի բոլոր կանոններին։ Ակնհայտորեն՝ ոչ։ Ուրեմն նա մեկ այլ բան պետք է որ նկատի ունենար։ Օրենքի սրբությունն ասում է. «Ես պետք է պահեմ այս բոլոր կանոնները»։ Հավատքի այլընտրանքային պատասխանը հետևյալն է. «Ես չեմ հետևում կանոնների ինչ-որ շարքի։ Ես թույլ եմ տալիս, որ Հիսուսը սուրբ լինի իմ մեջ և իմ միջոցով»։

Շնորհակալությու՛ն, Տե՛ր, որ կանչել ես ինձ։ Ես հռչակում եմ, որ սրբությունը ոչ թե գալիս է բոլոր կանոններին հնազանդվելով, այլ Հիսուսի փրկագնման միջոցով, որ նա արեց իմ փոխարեն։ Իմ սրբությունը Հիսուսն է իմ ներսում, և ես սուրբ եմ։ Ամեն։