(Հատված «Փրկագնված արյամբ» գրքից)
Խաչի գործը «կատարյալ է ամեն առումով, կատարյալ ամեն տեսանկյունից»: Նշանակություն չունի, թե որ տեսանկյունից եք նայում խաչին: Այն կատարյալ է: Ոչինչ անավարտ չի մնացել: «Ամեն բան, որ կյանքի և աստվածապաշտության համար հարկավոր է (2-րդ Պետրոս 1:3)» (և սա իր մեջ ներառում է ամեն բան), ապահովված է խաչի վրա Հիսուսի անձնազոհ մահվան շնորհիվ: Ամեն բան, որի կարիքը երբևէ կունենաք ժամանակի և հավիտենության մեջ թե՛ հոգևոր, թե՛ ֆիզիկական, թե՛ ֆինանսա-կան, թե՛ նյութական, թե՛ զգացմունքների, թե՛ հարաբերությունների ոլորտում, հնարավոր է դարձել այդ մեկ զոհաբերության շնորհիվ: «Մեկ պատարագով նա հավիտյան կատարյալ դարձրեց սրբվողներին (Եբրայեցիներին 10:14)»: Կրկի՛ն նկատեք կատարյալ դարձրեց արտահայտությունը:
Այսպիսով՝ ես հստակ որոշեցի հասկանալ, թե Աստված ինչ է արել ինձ համար խաչի վրա Հիսուսի միջոցով: Ես սկսեցի տեսնել, որ խաչի վրա Հիսուսը վերցրել է ոչ միայն իմ մեղքերը, այլ նաև իմ հիվանդություններն ու ցավերը, որ նրա վերքերով ես բժշկվեմ: Եսայու 53:4-5-ի ուղերձը հնարավոր չէր շրջանցել.
«Հիրավի, նա մեր ցավերը (բառացի՝ հիվանդությունները) վեր առավ, և մեր վիշտերը (բառացի՝ ցավերը) բեռնեց իր վրա, բայց մենք նրան պատուհասված էինք համարում, Աստծուց զարկված և նկուն եղած: Բայց նա մեր մեղքերի համար վիրավորվեց, և մեր անօրենությունների համար հարվածվեց, մեր խաղաղության պատիժը նրա վրա եղավ, և նրա վերքերով մենք բժշկվեցինք»:
Իմ միտքը, որ վարժված էր վերլուծելու, կարողացավ տեսնել, որ այս եզրակացությունից հնարավոր չէր խուսափել. Հիսուսը խաչի վրա կրեց մեր հիվանդությունները, մեր ցավերը և մեր տկարությունները, և նրա վերքերով մենք բժշկվեցինք:
Ես իմ փիլիսոփայական տրամադրվածությամբ ամեն կերպ փորձում էի մի կողմ դնել Եսայա 53:4-5-ի նշանակությունը: Ես դիտարկում էի հնարավոր ամեն տարբերակ այն մեկնաբանելու համար` առանց ֆիզիկական բժշկությունն ընդգրկելու: Հաջորդ մի քանի շաբաթների ընթացքում սատանան իմ մտքին բերեց հավանական այն բոլոր առարկությունները, որ երբևէ բարձրաց-վել էին աստվածային բժշկության դեմ: Չեմ կարծում, որ նա որևէ մեկը բաց թողեց: Այդուհանդերձ, ամեն անգամ, երբ ես վերադառնում էի Աստծու Խոսքին, այն միևնույն բանն էր ասում: Ես հիշում էի իմ կապույտ Աստվածաշունչը: Ամբողջ ընթացքում՝ Ծննդոցից մինչև Հայտնություն, ես տեսնում էի բժշկության, առողջության, ֆիզիկական ուժի և երկար կյանքի խոստումները:
Ինչ-ինչ պատճառով ինձ մոտ կարծիք էր ձևավորվել, որ որպես քրիստոնյա՝ դու պետք է պատրաստ լինես՝ քո կյանքի մնացած ժամանակը թշվառ վիճակում անցկացնելու: Ամեն անգամ, երբ ես Սուրբ Գրքում կարդում էի բժշկության վերաբերյալ խոստումներն ու պնդումներն, ասում էի. «Դա չափազանց լավն է ճշմարիտ լինելու համար: Հնարավոր չէ, որ դա իսկապես այդ նշանակի: Արդյո՞ք Աստված կարող է ցանկանալ, որ ես առողջ ու հաջողակ լինեմ և երկար ապրեմ: Դա չի կարող պատահել. դա կրոնի իմ պատկերացումը չէ»:
Մինչ ես այսպես վիճաբանում էի, Տերը խոսեց ինձ հետ ոչ լսելի ձայնով, բայց շատ հստակ կերպով.
«Ասա՛ ինձ, ո՞վ է ուսուցիչը և ո՞վ է աշակերտը»:
«Տե՛ր,- պատասխանեցի ես,- Դու ուսուցիչն ես, իսկ ես՝ աշակերտը»:
«Այդ դեպքում թույլ կտա՞ս սովորեցնեմ քեզ»:
Ես հասկացա ուղերձը:
Այնուհետև Սուրբ Հոգին ինձ ուղղորդեց դեպի սուրբգրային մի հատված, որն ինձ դուրս հանեց հոսպիտալից.
«Որդյա՛կս, ուշադի՛ր եղիր իմ խոսքերին, և ականջդ տուր ի՛մ ասածներին: Թող նրանք չգնան քո աչքի առջևից, պահի՛ր նրանց քո սրտի մեջ: Որ նրանք կյանք են նրանց գըտնողներին, և նրանց ամբողջ մարմնին՝ բժշկություն»:
Առակաց 4:20-22
«Որդյա՛կս…»։ Ես գիտակցեցի, որ Աստված ինձ հետ խոսում էր որպես իր զավակի: Այս հատվածը հասցեագրված չէ անհավատներին. այն ուղղված է Աստծու ժողովրդին: Երբ ես հասա «նրանց ամբողջ մարմնին» արտահայտությանը, ասացի. «Ահա՛, թե ինչ»: Նույնիսկ փիլիսոփան չի կարող այնպես անել, որ մարմին բառը բացի մարմնից ուրիշ բան նշանակի: «Իմ ամբողջ մարմնին» նշանակում է իմ ամբողջ ֆիզիկական մարմնին: Աստված իր Խոսքի միջոցով ապահովել է այն, ինչ առողջություն կտա իմ ամբողջ ֆիզիկական մարմնին:
Ես լուսանցքում նայեցի բժշկություն բառի թարգմանությունը, և դա դեղամիջոց բառն էր, այնպես որ եբրայերեն բառը կարող է հասկացվել որպես բժշկություն կամ դեղամիջոց:
«Սա հրաշալի՛ է,- ասացի ինքս ինձ,- ես հիվանդ եմ և դեղի կարիք ունեմ: Աստված դեղամիջոց է սահմանել, որն իմ ամբողջ մարմնին բժշկություն կտա»:
Որպես բրիտանական բանակի բուժակ՝ իմ գործերից մեկը դեղեր դուրս գրելն էր, երբ ես ինքս հիվանդ չէի: Հիմա ես ասացի. «Ուրեմն այսպես, ես պատրաստվում եմ Աստծու Խոսքն ընդունել որպես դեղամիջոց»:
Երբ ասացի այդ, Աստված դարձյալ խոսեց ինձ հետ անլսելի, բայց պարզորոշ կերպով. «Երբ բժիշկը մեկին դեղ է նշանակում, այն ընդունելու ցուցումները սրվակի վրա են լինում: Առակաց 4:20-22-ն իմ բժշկարար սրվակն է, իսկ ցուցումները դրա վրա են: Լա՛վ կանես, ուսումնասիրե՛ս դրանք»:
Ես վերադարձա և տեսա, որ չորս ցուցում կար:
Ցուցում առաջին. ուշադի՛ր եղիր իմ խոսքերին։ Մենք պետք է համակ ուշադրություն դարձնենք Աստծու ասածներին։
Ցուցում երկրորդ. ակա՛նջդ տուր։ Մենք պետք է խոնարհենք մեր խստացրած պարանոցները և աշակերտի կեցվածք ընդունենք։ Մենք ամենը չգիտենք, և որոշ ավանդույթներ, որ ժառանգել ենք մեր եկեղեցական անցյալից, աստվածաշնչյան չեն։
Ցուցում երրորդ. թո՛ղ նրանք (իմ խոսքերը) չհեռանան քո աչքերից։ Մենք մեր կենտրոնացումը պետք է աներեր պահենք Աստծու Խոսքի վրա։
Եվ վերջապես չորրորդը. պահի՛ր նրանց քո սրտի մեջ։
Առակացի հաջորդ համարն ասում է.
«Ամեն զգուշությունից առավել զգուշություն արա՛ քո սըրտին, որ նրանից է կյանքի ելքը»:
Առակաց 4:23
Այլ կերպ ասած՝ այն, ինչ պահում եք ձեր սրտի մեջ, կորոշի ձեր կյանքի ընթացքը։ Դուք չեք կարող սխալ վերաբերմունք ունենալ ձեր սրտում և ճիշտ ապրել, ոչ էլ կարող եք ձեր սրտում ճիշտ վերաբերմունք ունենալ և սխալ ապրել։ Ձեր կյանքի ընթացքը պայմանավորված է, թե ինչով է լցված ձեր սիրտը։ Աստված ասում էր ինձ. «Եթե դու ներս թողնես իմ Խոսքը քո ականջների դարպասով, քո աչքերի դարպասով և այն ընդունես քո սրտի մեջ, ապա այն կանի ամեն բան, ինչ պահանջվում է»։
Ես որոշում կայացրի, որ Աստծու Խոսքն ընդունեմ՝ որպես իմ դեղամիջոց։ Ես գնացի բժշկի մոտ և շնորհակալություն հայտնեցի` ինձ օգնել փորձելու համար։ «Բայց այս պահից սկսած,- ասացի նրան,- ես պատրաստվում եմ Աստծուն հուսալ։ Ուրիշ որևէ դեղորայք այլևս չեմ ուզում»։
Ես մի կերպ խուսափեցի հոգեբուժարան ուղարկվելուց և հանձնվեցի ինքս իմ պատասխանատվությանը։
Չնայած իմ մաշկի համար վատագույն կլիման շոգն էր՝ բանակն ինձ ուղարկեց շատ ավելի շոգ մի վայր՝ Սուդանի Խարթում քաղաքը, որտեղ ջերմաստիճանը պարբերաբար բարձրանում էր մինչև 52 ցելցիուսի աստիճան։ Այսպիսով՝ ես հայտնվեցի Սուդանում՝ պայքարելով բժշկության համար, բայց վճռականորեն ընդունելով իմ դեղամիջոցը։ Փիլիսոփայության տեսանկյունից դա անմըտություն էր։ Արդյոք պետք էր խելացի լինել և մնալ հիվա՞նդ, թե՞ «անմիտ» լինել և բժշկվել։ Ես որոշեցի «անմիտ» լինել։
Այսպիսով՝ ես ինքս ինձ հարցրի. «Որքա՞ն հաճախ են մարդիկ սովորաբար դեղ խմում»։ Հաճախ պատասխանն այսպիսին էր՝ օրը երեք անգամ ուտելուց հետո։ Ուստի ամեն անգամ ուտելուց հետո ես մի կողմի վրա առանձնանում էի, բացում էի իմ Աստվածաշունչը, աղոթքով խոնարհեցնում էի գլուխս և ասում. «Աստվա՛ծ, դու խոստացել ես, որ քո այս խոսքերը բժշկություն կլինեն իմ ամբողջ մարմնին։ Հիմա, որպես իմ դեղամիջոց, ես դրանք ընդունում եմ՝ Հիսուսի անունով»։ Այնուհետև ես կարդում էի Աստվածաշունչը համակ ուշադրությամբ և լսում էի, թե Աստված ինչ էր ասում ինձ։
Գոհությո՜ւն Աստծուն, որ ես կատարելապես բժշկվեցի։ Ես ոչ միայն ֆիզիկական բժշկություն ստացա, այլև ամբողջովին ուրիշ անձնավորություն դարձա։ Աստվածաշունչը նորոգեց իմ միտքը և փոխեց իմ առաջնահերթությունները, արժեքները և վերաբերմունքը։