Ասեղի անցքը

Ղուկասի 18-րդ գլխում մի ուշագրավ զրույց կա, որ տեղի ունեցավ Հիսուսի և ինչ-որ հարուստ իշխանի միջև: Իշխանը մի շատ կարևոր հարց տվեց Հիսուսին. «Բարի վարդապետ, ի՞նչ անեմ, որ հավիտենական կյանքը ժառանգեմ (18-րդ համար)»: Եկեք տեսնենք, թե Հիսուսն ինչպես պատասխանեց.

«Պատվիրանները գիտես՝ “Մի՛ շնանցիր, մի՛ սպանիր, մի՛ գողացիր, սուտ մի՛ վկայիր, պատվի՛ր քո հորն ու մորը”»։ Նա էլ ասաց. «Այդ բոլորն իմ մանկությունից պահել եմ»։ Երբ Հիսուսն այս լսեց, նրան ասաց. «Քեզ տակավին մի բան է պակասում. ինչ ունես, վաճառի՛ր ու աղքատների՛ն բաժանիր և երկնքում գանձ կունենաս. և արի՛ ու ի՛նձ հետևիր»։ Նա էլ, այս լսելով, տրտմեց, որովհետև չափազանց հարուստ էր։

Հիսուսը, նրան տրտմած տեսնելով, ասաց. «Ինչքա՜ն դժվարությամբ Աստծու արքայություն կմտնեն նրանք, որոնք հարստություն ունեն։ Ավելի հեշտ է, որ ուղտն ասեղի ծակով անցնի, քան հարուստն Աստծու արքայություն մտնի»:

Ղուկասի 18:20-25

Այս հատվածում Հիսուսը մի շատ նշանակալի արտահայտություն գործածեց՝ խոսելով ասեղի անցքի միջով անցնող ուղտի մասին: Արդյո՞ք դժվար ըմբռնելի չէ ձեզ համար այդ գաղափարը: Թույլ տվեք մի բացատրություն առաջարկել:

Երկար տարիներ Իսրայելում ապրելը ինձ լայն հասկացողություն է տվել այս հարուստ իշխանին տված Հիսուսի մեկնաբանության վերաբերյալ: Ես հավաստի աղբյուրներից լսել եմ, թե ինչպես էր փոխակերպվում մի հին Երուսաղեմի Հայֆա կոչվող դարպասը, որը գոյություն է ունեցել նույնիսկ մինչև 20-րդ դարի սկիզբը:

Վաղ օրերում Հայֆայի դարպասը մի շատ մեծ երկաթե դարպաս էր, որ ամեն երեկո մայրամուտին փակվում էր և չէր բացվում մինչև հաջորդ օրվա արևածագը: Մութ ժամանակ այդ դարպասը ոչ մի դեպքում չէր բացվում: Այնուամենայնիվ, երբեմն պատահում էր, որ մութն ընկնելուց հետո ինչ-որ ճամփորդ էր ժամանում ուղտի հետ դարպասի մոտ՝ ցանկանալով քաղաք մտնել: Երբ սա պատահում էր, բացվում էր հիմնական երկաթե դարպասի ներսում գտնվող փոքրիկ դուռը: Քաղաք մտնել ցանկացող անձնավորությունն այդժամ պետք է իջներ ուղտի վրայից, բեռնաթափեր բոլոր իրերը ուղտի մեջքից՝ բոլոր ուղեբեռները, որ կենդանին կրում էր, և համոզեր կենդանուն ծնկի գալ: Այնուհետև մեծ դժվարությամբ ուղտը առանց որևէ ուղեբեռի կկարողանար մի կերպ ներս սողոսկել Հայֆայի դարպասի այս փոքրիկ դռնով: Ի՞նչ էր այդ փոքրիկ դռան անունը: Այն հայտնի էր որպես «Ասեղի անցք»:

Երիտասարդ հարուստ իշխանին տված իր պատասախանի մեջ Հիսուսը նկարագրում էր, թե ինչի է նման, երբհարուստը մոտենում է Աստծու արքայությանը: Նա պետք է իր ամբողջ ուղեբեռը մի կողմ դնի՝ իր բոլոր հավակնությունները, հպարտությունը, ամբարտավանությունը, անկախությունը, և ծնկի գա, որպեսզի կարողանա մի կերպ ներս մտնել:

Այնուամենայնիվ, մի աղքատ մարդ, որ իր հետ ոչինչ չունի, բացի իր ձեռնափայտը, կարող է շատ ավելի հեշտ ներս մտնել: Այն ամենը, որ նա պետք է անի, ընդամնեը կռանալն ու անցնելն է, և նա ներսում կլինի:

Նույն դարպասը բոլորի համար է՝ հարուստ, թե աղքատ: Բայց շատ հաճախ հարուստի համար ավելի դժվար է ներս մտնել, քան աղքատի:

 

Դերեկ Պրինս

«Հպարտությունն ընդդեմ խոնարհության»

Պատրաստվում է տպագրության