Մենք միշտ պետք է մտապահենք, որ այն մեղքի բուն էությունը, որի մեջ Ադամն ընկավ՝ փորձվելով սատանայից, ճիշտ նույնն էր, ինչ սատանայի սեփական մեղքին էությունը: Դա հպարտության մեղքն էր, որն առաջնորդեց Աստծու դեմ ապստամբության: Ծննդոց երրորդ գլխում սատանան Ադամին ու Եվային մոտեցավ իր իսկ գայթակղությամբ, որն էր անհնազանդություն Աստծու նկատմամբ: Եվ դա դրսևորվեց՝ ուտելով պարտեզի մեջտեղում գտնվող ծառի պտղից, այն պտղից, որն Աստված արգելել էր նրանց: Մենք տեսանք, որ սատանան, օձի կերպարանքով մոտենալով, ասաց նրանց. «Որովհետև Աստված գիտի, թե այն օրը, որ նրանից ուտեք, ձեր աչքերը կբացվեն, և Աստծու պես կլինեք՝ բարին և չարը իմացող» (Ծննդոց 3:5):
Այն շարժառիթը, որը սատանային ստիպեց ապստամբություն բարձրացնել երկնքում, ամփոփված է նրա այս հռչակման մեջ. «Բարձրյալին կնմանվեմ (Եսայա 14:14)»: Այս պնդումը սեփական անձի բարձրացման գաղափարի ամբողջացումն է:
Ի վերջո սատանայի գայթակղությունը, որով նա փորձեց Ադամին և Եվային, ըստ էության արտահայտվեց նույն բառերով. «Եթե դուք ուտեք բարու և չարի գիտության ծառից, Աստծու նման կլինեք, Աստծուն հավասար կլինեք»: Սատանան առաջարկեց միևնույն շարժառիթը, որը ծնեց միևնույն աղետալի հետևանքները. հպարտություն, որն առաջնորդեց անկման:
Այսպիսով, ո՞րն է հպարտությանը ներհատուկ բնույթը: Ծայրաստիճան կարևոր է, որ մենք հասկանանք սա: Ես կարող եմ հպարտության բնույթը ամփոփել մի պարզ նախադասությամբ. հպարտությունն Աստծուց անկախ լինելու ձգտումն է: Իրենց հպարտությամբ Ադամն ու Եվան չմերժեցին Աստծու ինքնիշխանությունը տիեզերքում: Նրանք պարզապես անձնական որոշում կայացրին առ այն, որ իրենք առանց Աստծու էլ կարող են ապրել, և որ իրենք Նրա կարիքը չունեն: Եթե նրանք կարողանային ձեռք բերել բարու և չարի գիտությունը, ապա այլևս ստիպված չէին լինի կախված լինել Աստծուց: Դարձյալ, իր փորձության մեջ սատանան այն միտքն էր առաջարկել, որ իբրևէ թե Ադամն ու Եվան Աստծուց ստրկական կախվածության կարգավիճակում էին, մի վիճակում, որ չէր համապատասխանում իրենց ներուժին: Համաձայն փորձչի՝ նրանք շատ ավելի լավ կարգավիճակում կլինեին, եթե Աստծուց կախված չլինեին:
Այս գայթակղության էությունը կարելի է ամփոփել մեկ բառով՝ անկախություն: Սա Աստծուց անկախ լինելու ցանկություն է: Սա է սատանայական հպարտությունը, ճիշտ այն հպարտությունը, որն Արուսյակի անկման պատճառը դարձավ:
Ակնհայտորեն այսպիսի վերաբերմունքն անհետևանք չէ: Ցանկացած կյանք, որը չի գտնվում Աստծուց կամավոր կախման մեջ, առաջնորդվում է հպարտությամբ: Սա շատ նուրբ մոլորություն է: Շատ մարդիկ, որոնք իրենց հպարտ չեն համարում, իրականում ապրում են Աստծուց անկախ լինելու հակվածությամբ: Բայց այդ տեսակ ապրելակերպի հիմքում ընկած է հպարտության շարժառիթը, իսկ հպարտության արդյունքը նույնն է՝ ապստամբություն և կործանում:
Դերեկ Պրինս
«Հպարտությունն ընդդեմ խոնարհության» գրքից
Պատրաստվում է տպագրության