Հատված՝ «Փրկագնված արյամբ» գրքից

Խաչի գործը «կատարյալ է ամեն առումով, կատարյալ ամեն տեսանկյունից»: Նշանակություն չունի, թե որ տեսանկյունից եք նայում խաչին: Այն կատարյալ է: Ոչինչ անավարտ չի մնացել: «Ամեն բան, որ կյա­նքի և աստվա­ծա­պաշտության համար հարկավոր է (2-րդ Պետրոս 1:3)» (և սա իր մեջ ներառում է ամեն բան), ապա­հովված է խաչի վրա Հիսուսի անձնազոհ մահվան շնորհիվ: Ամեն բան, որի կարիքը երբևէ կունենաք ժամանակի և հա­վիտենության մեջ թե՛ հոգևոր, թե՛ ֆիզիկական, թե՛ ֆինանսա-կան, թե՛ նյու­թա­կան, թե՛ զգա­ցմունքների, թե՛ հարաբերություն­ների ոլո­րտում, հնարավոր է դարձել այդ մեկ զոհաբերության շնորհիվ: «Մեկ պատարագով նա հավիտյան կատարյալ դարձրեց սրբվո­ղներին (Եբրայեցիներին 10:14)»: Կրկի՛ն նկատեք կատար­յալ դա­րձրեց արտահայտությունը:

Այսպիսով՝ ես հստակ որոշեցի հասկանալ, թե Աստված ինչ է արել ինձ համար խաչի վրա Հիսուսի միջոցով: Ես սկսեցի տեսնել, որ խաչի վրա Հիսուսը վերցրել է ոչ միայն իմ մեղքերը, այլ նաև իմ հիվանդություններն ու ցավերը, որ նրա վերքերով ես բժշկվեմ: Եսայու 53:4-5-ի ուղերձը հնարավոր չէր շրջանցել.

«Հիրավի, նա մեր ցավերը (բառացի՝ հիվանդություննե­րը) վեր առավ, և մեր վիշտերը (բառացի՝ ցավերը) բեռնեց իր վրա, բայց մենք նրան պատուհասված էինք համա­րում, Աստծուց զարկված և նկուն եղած: Բայց նա մեր մեղքերի համար վիրավորվեց, և մեր անօրենու­թյունների համար հարվածվեց, մեր խաղաղության պատիժը նրա վրա եղավ, և նրա վերքերով մենք բժշկվեցինք»:

Իմ միտքը, որ վարժված էր վերլուծելու, կարողացավ տեսնել, որ այս եզրակացությունից հնարավոր չէր խուսափել. Հիսուսը խաչի վրա կրեց մեր հիվանդությունները, մեր ցավերը և մեր տկարությունները, և նրա վերքերով մենք բժշկվեցինք:

Ես իմ փիլիսոփայական տրամադրվածությամբ ամեն կերպ փորձում էի մի կողմ դնել Եսայա 53:4-5-ի նշանակությունը: Ես դիտարկում էի հնարավոր ամեն տարբերակ այն մեկնաբանելու համար` առանց ֆիզիկական բժշկությունն ընդգրկելու: Հաջորդ մի քանի շաբաթների ընթացքում սատանան իմ մտքին բերեց հավանական այն բոլոր առարկությունները, որ երբևէ բարձրաց-վել էին աստվածային բժշկության դեմ: Չեմ կարծում, որ նա որևէ մեկը բաց թողեց: Այդուհանդերձ, ամեն անգամ, երբ ես վերադառնում էի Աստծու Խոսքին, այն միևնույն բանն էր ասում: Ես հիշում էի իմ կապույտ Աստվածաշունչը: Ամբողջ ընթացքում՝ Ծննդոցից մինչև Հայտնություն, ես տեսնում էի բժշկության, առողջության, ֆիզիկական ուժի և երկար կյանքի խոստումները:

Ինչ-ինչ պատճառով ինձ մոտ կարծիք էր ձևավորվել, որ որպես քրիստոնյա՝ դու պետք է պատրաստ լինես՝ քո կյանքի մնացած ժամանակը թշվառ վիճակում անցկացնելու: Ամեն անգամ, երբ ես Սուրբ Գրքում կարդում էի բժշկության վերաբերյալ խոստու­մներն ու պնդումներն, ասում էի. «Դա չափազանց լավն է ճշմարիտ լինելու համար: Հնարավոր չէ, որ դա իսկապես այդ նշանակի: Արդյո՞ք Աստված կարող է ցանկանալ, որ ես առողջ ու հաջողակ լինեմ և երկար ապրեմ: Դա չի կարող պատահել. դա կրոնի իմ պատկերացումը չէ»:

Մինչ ես այսպես վիճաբանում էի, Տերը խոսեց ինձ հետ ոչ լսելի ձայնով, բայց շատ հստակ կերպով.

«Ասա՛ ինձ, ո՞վ է ուսուցիչը և ո՞վ է աշակերտը»:

«Տե՛ր,- պատասխանեցի ես,- Դու ուսուցիչն ես, իսկ ես՝ աշակերտը»:

«Այդ դեպքում թույլ կտա՞ս սովորեցնեմ քեզ»:

Ես հասկացա ուղերձը:

Այնուհետև Սուրբ Հոգին ինձ ուղղորդեց դեպի սուրբգրային մի հատված, որն ինձ դուրս հանեց հոսպիտալից.

«Որդյա՛կս, ուշադի՛ր եղիր իմ խոսքերին, և ականջդ տուր ի՛մ ասածներին: Թող նրանք չգնան քո աչքի առջևից, պա­հի՛ր նրանց քո սրտի մեջ: Որ նրանք կյանք են նրանց գըտ­նո­ղներին, և նրանց ամբողջ մարմնին՝ բժշկություն»:

 

                                                                 Առակաց 4:20-22

«Որդյա՛կս…»։ Ես գիտակցեցի, որ Աստված ինձ հետ խոսում էր որպես իր զավակի: Այս հատվածը հասցեագրված չէ անհավատներին. այն ուղղված է Աստծու ժողովրդին: Երբ ես հասա «նրանց ամբողջ մարմնին» արտահայտությանը, ասացի. «Ահա՛,­ թե ինչ»: Նույնիսկ փիլիսոփան չի կարող այնպես անել, որ մա­րմին բառը բացի մարմնից ուրիշ բան նշանակի: «Իմ ամբողջ մա­րմնին» նշա­նա­կում է իմ ամբողջ ֆիզիկական մարմնին: Աստ­ված իր Խոսքի միջոցով ապահովել է այն, ինչ առողջություն կտա իմ ամբողջ ֆիզիկական մարմնին:

Ես լուսանցքում նայեցի բժշկություն բառի թարգմանությունը, և դա դեղամիջոց բառն էր, այնպես որ եբրայերեն բառը կարող է հասկացվել որպես բժշկություն կամ դեղամիջոց:

«Սա հրաշալի՛ է,- ասացի ինքս ինձ,- ես հիվանդ եմ և դեղի կա­­րիք ունեմ: Աստված դեղամիջոց է սահմանել, որն իմ ամբողջ մարմնին բժշկություն կտա»:

Որպես բրիտանական բանակի բուժակ՝ իմ գործերից մեկը դեղեր դուրս գրելն էր, երբ ես ինքս հիվանդ չէի: Հիմա ես ասացի. «Ուրեմն այսպես, ես պատրաստվում եմ Աստծու Խոսքն ընդունել որպես դեղամիջոց»:

Երբ ասացի այդ, Աստված դարձյալ խոսեց ինձ հետ անլսելի, բայց պարզորոշ կերպով. «Երբ բժիշկը մեկին դեղ է նշանակում, այն ընդու­նելու ցուցումները սրվակի վրա են լինում: Առակաց 4:20-22-ն իմ բժշկա­րար սրվակն է, իսկ ցուցումները դրա վրա են: Լա՛վ կա­նես, ուսումնասիրե՛ս դրանք»:

Ես վերադարձա և տեսա, որ չորս ցուցում կար:

Ցուցում առաջին. ուշադի՛ր եղիր իմ խոսքերին։ Մենք պետք է հա­մակ ուշադրություն դարձնենք Աստծու ասածներին։

Ցուցում երկրորդ. ակա՛նջդ տուր։ Մենք պետք է խոնարհենք մեր խստացրած պարանոցները և աշակերտի կեցվածք ընդունենք։ Մենք ամենը չգիտենք, և որոշ ավանդույթներ, որ ժառանգել ենք մեր եկեղեցական անցյալից, աստվածաշնչյան չեն։

Ցուցում երրորդ. թո՛ղ նրանք (իմ խոսքերը) չհեռանան քո աչքերից։ Մենք մեր կենտրոնացումը պետք է աներեր պահենք Աստ­­ծու Խոսքի վրա։

Եվ վերջապես չորրորդը. պահի՛ր նրանց քո սրտի մեջ։

Առակացի հաջորդ համարն ասում է.

«Ամեն զգուշությունից առավել զգուշություն արա՛ քո սր­տին, որ նրանից է կյանքի ելքը»:

    Առակաց 4:23

Այլ կերպ ասած՝ այն, ինչ պահում եք ձեր սրտի մեջ, կորոշի ձեր կյա­նքի ընթացքը։ Դուք չեք կարող սխալ վերաբերմունք ունե­նալ ձեր սրտում և ճիշտ ապրել, ոչ էլ կարող եք ձեր սրտում ճիշտ վերա­բերմունք ունենալ և սխալ ապրել։ Ձեր կյանքի ընթացքը պայմա­նավորված է, թե ինչով է լցված ձեր սիրտը։ Աստված ասում էր ինձ. «Եթե դու ներս թողնես իմ Խոսքը քո ականջների դարպասով, քո աչքերի դարպա­սով և այն ընդու­նես քո սրտի մեջ, ապա այն կանի ամեն բան, ինչ պահանջվում է»։

Ես որոշում կայացրի, որ Աստծու Խոսքն ընդունեմ՝ որպես իմ դե­ղա­միջոց։ Ես գնացի բժշկի մոտ և շնորհակալություն հայտնեցի` ինձ օգնել փորձելու համար։ «Բայց այս պահից սկսած,- ասացի նրան,- ես պատրա­ստվում եմ Աստծուն հուսալ։ Ուրիշ որևէ դեղո­րայք այլևս չեմ ուզում»։

Ես մի կերպ խուսափեցի հոգեբուժարան ուղարկվելուց և հանձնվեցի ինքս իմ պատասխանատվությանը։

Չնայած իմ մաշկի համար վատագույն կլիման շոգն էր՝ բա­նակն ինձ ուղարկեց շատ ավելի շոգ մի վայր՝ Սուդանի Խարթում քա­ղաքը, որտեղ ջերմաստիճանը պարբերաբար բարձրանում էր մինչև 52 ցելցիուսի աստիճան։ Այսպիսով՝ ես հայտնվեցի Սուդա­նում՝ պայքարելով բժշկության համար, բայց վճռականորեն ընդու­նե­լով իմ դեղամիջոցը։ Փիլիսոփայության տեսանկյունից դա ան­մըտու­­թյուն էր։ Արդյոք պետք էր խելացի լինել և մնալ հի­վա՞նդ, թե՞ «անմիտ» լինել և բժշկվել։ Ես որոշեցի «անմիտ» լինել։

Այսպիսով՝ ես ինքս ինձ հարցրի. «Որքա՞ն հաճախ են մարդիկ սո­վորաբար դեղ խմում»։ Հաճախ պատասխանն այսպիսին էր՝ օրը երեք անգամ ուտելուց հետո։ Ուստի ամեն անգամ ուտելուց հետո ես մի կողմի վրա առանձնանում էի, բացում էի իմ Աստվա­ծաշունչը, աղոթքով խոնարհեցնում էի գլուխս և ասում. «Աստվա՛ծ, դու խոստացել ես, որ քո այս խոսքերը բժշկություն կլինեն իմ ամբո­ղջ մարմնին։ Հիմա, որպես իմ դեղա­միջոց, ես դրանք ընդու­նում եմ՝ Հիսուսի անունով»։ Այնուհետև ես կարդում էի Աստվածա­շունչը համակ ուշադրությամբ և լսում էի, թե Աստված ինչ էր ասում ինձ։

Գոհությո՜ւն Աստծուն, որ ես կատարելապես բժշկվեցի։ Ես ոչ միայն ֆիզիկական բժշկություն ստացա, այլև ամբողջովին ուրիշ անձնա­վորություն դարձա։ Աստվածաշունչը նորոգեց իմ միտքը և փոխեց իմ առաջնահերթությունները, արժեքները և վերաբեր­մունքը։