Գրքի հայերեն հրատարակման վերաբերյալ
Ահա արդեն ավելի քան 13 տարի է ինչ «Դերեկ Պրինսի ծառայությունը» հայ ընթերցողին պարբերաբար ներկայացնում է Աստվածաշնչի աշխարհահռչակ ուսուցիչ Դերեկ Պրինսի գրքերը հայերեն լեզվով։ Այս տարիների ընթացքում Դերեկը Հայաստանում ձեռք է բերել ընթերցողների կուռ բանակ։ Ավելի քան 35 անուն գիրք, 40 վիդեո և ավելի քան 200 աուդիո պատգամներ են թարգմանվել հայերեն լեզվով։ Շուրջ 100.000 գիրք է տպագրվել և հասանելի դարձել մեր հայ ընթերցողներին։
Մեր ծառայության կողմից հայ լսարանի համար պատրաստվեց հեռախոսների համար նախատեսված և իր տեսակի մեջ առաջին հավելվածը, որտեղ միաժամանակ կարելի է լսել և կարդալ հայերեն լեզվով Աստվածաշունչը, ինչպես նաև մուտք ունենալ դեպի Դերեկի հայերեն ուսուցումները։
Երբ մեր ծառայողական կազմը որոշում կայացրեց սկսել «Քրիստոսի վարդապետության հիմքերը» գրքի թարգմանությունը, չէինք էլ պատկերացնում, որ այն այսքան էներգիա, ժամանակ և ջիղ կպահանջեր մեզանից։
Գրքի վրա աշխատեցինք ավելի քան երեք տարի։ Մեզ համար անչափ կարևոր էր յուրաքանչյուր մտքի հստակ ու հասկանալի փոխանցումը, քանի որ գիրքը վարդապետական նշանակություն ունի և անգամ մեկ ստորակետի բացակայությունը կարող է փոխել ամբողջ միտքը։
Ինչևէ, վստահ ենք, որ գիրքը մեծ նպաստ կբերի քրիստոնյաների հոգևոր ընթացքի մեջ։ Ապրելով վտանգավոր ժամանակներում, երբ ինքնահնար ուսուցումներն ու Տեր Հիսուսի բնորոշմամբ գառան դիմակով գայլերը և սուտ մարգարեները փորձում են ներթափանցել եկեղեցի և ականապատել քրիստոնեական հիմքերը՝ այս գիրքը կարող է հիմնարար և շինիչ ազդեցություն թողնել մասնավորապես ավետարանական և ընհանուր առմամբ քրիստոնեական աշխարհի սպասավորների և հավատացյալների կյանքում։
Գիրքը նաև կարող է հրաշալի դասագիրք և ձեռնարկ հանդիսանալ աստվածաշնչյան դպրոցների, սերտողության հավաքույթների և եկեղեցիների ծառայողական անձնակազմերի համար։ Խորհուրդ կտանք գրքի ընթերցանությունը համատեղել «Աստվածաշնչի ինքնուրույն սերտողության ձեռնարկի» հետ՝ ավելի արդյունավետ ուսումնասիրության համար։
Վազգեն Զոհրաբյան
Տարածաշրջանում «Դերեկ Պրինսի ծառայության» տնօրեն